հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սաուդյան Արաբիայում Հայոց ցեղասպանության թեմայով թեզ են պաշտպանել. ինչ բացահայտումներ է արել սաուդցի մագիստրոսը

Սաուդյան Արաբիայում Հայոց ցեղասպանության թեմայով թեզ են պաշտպանել. ինչ բացահայտումներ է արել սաուդցի մագիստրոսը

Սաուդյան Արաբիայում մագիստրոս Թաուասիֆ բինթ Համիդ բին Մուկբիլ ալ-Ունզին Հայոց ցեղասպանության թեմայով գերազանցությամբ թեզ է պաշտպանել՝ վերահաստատելով պատմական փաստը՝ Հայոց ցեղասպանությունն իսկապես տեղի է ունեցել։ Նա նաև խոսել է որոշ պետությունների կողմից այս փաստի ժխտման պատճառների մասին:  

Մագիստրոսը «Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը 1915 թ հայկական ջարդերի հարցում» թեմայով թեզը պաշտպանել է Ռիյադի Ալ Սաուդ թագավորի համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Պատմության և քաղաքակրթության բաժնում:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում Թաուասիֆ բինթ Համիդ բին Մուկբիլ ալ-Ունզին խոսել է թեմայի ընտրության դրդապատճառների, ուսումնասիրության ընթացքի ու արդյունքների մասին:

Թեզի համար հենց այս թեմայի ընտրությունը նա հիմնավորում է այսպես՝ սակավ են քննադատական վերլուծական ուսումնասիրությունները, որոնք մասնագիտացած են 1915 թ. Հայոց ցեղասպանության նկատմամբ Բրիտանիայի քաղաքականության մեջ: «Նաև շատ բանավեճեր և առեղծվածներ կան 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բրիտանիայի դիրքորոշման հիմքում ընկած դրդապատճառների առնչությամբ: Դա պահանջում է աղբյուրների վրա հիմնված պարզաբանումներ և մեկնաբանություններ»,-ասում է մագիստրոսը:

Այսպիսով` ուսումնասիրության նպատակն է եղել բացահայտել 1915 թվականի Հայոց ցեղասպանության նկատմամբ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը: Նրա նպատակներից է եղել նաև գնալ հայերի նկատմամբ  Օսմանյան կայսրության պատմական քաղաքականության հետքերով, բացահայտել այն պատճառները, որոնք դրդել են Բրիտանիային դիրքորոշում որդեգրել 1915 թ. Հայոց ցեղասպանության նկատմամբ, ցույց տալ և փաստագրել Հայոց ցեղասպանության նկատմամբ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը: Ուսումնասիրությունն էլ հենվում է փաստաթղթերի վրա:

Թաուասիֆ բինթ Համիդ բին Մուկբիլ ալ-Ունզին ընդգծում է՝ այս ուսումնասիրությունը մեծ նշանակություն ունի, քանի որ այն լույս է սփռում կարևոր պատմական իրադարձության և միջազգային հարաբերություններում դրա ազդեցության վրա: Այն նաև պատկերացում է տալիս մարդու իրավունքների խախտումների նկատմամբ խոշոր տերությունների քաղաքականության ու աշխարհակարգի ձևավորման գործում նրանց դերի մասին:

«Ամենաէական բացահայտումներից մեկն այն է, որ դժվար է Հայոց ցեղասպանությունը վերագրել միմիայն Օսմանյան կայսրությանը կամ «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը:  Օսմանյան կայսրության որոշ սուլթանների կողմից իրականացվել են մի շարք մանր ջարդեր՝ նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեծ ցեղասպանությունը։ Նաև Օսմանյան կայսրության ժամանակներից ի վեր թուրքական ազգայնական միտում կար ոչ թուրք էթնիկ խմբերի նկատմամբ: Այս միտումը շարունակվեց, մինչև «Միություն և առաջադիմություն» կուսակցությունն իշխանության եկավ: Օսմանյան կայսրության ճնշումներից քրիստոնյա էթնիկ խմբերին պաշտպանելու միջազգային միջամտությունը հիմնված էր քաղաքական պատրվակների վրա։ Այն էթնիկ խմբերը, որոնք ունեին ինքնորոշման և անկախության պահանջ, վճարեցին այս միջամտության գինն իրենց աշխարհագրական և պատմական շրջաններում»,-ասում է մագիստրոսը:

Խոսելով Հայոց ցեղասպանության նկատմամբ բրիտանական շարժառիթներից՝ նա նշում է, որ Հայաստանի ռազմավարական դիրքը Բրիտանիային հնարավորություն է տալիս վերահսկել այն առևտրային ուղիները, որոնք իրեն կապում են Ասիայի հետ՝ հասնելով Հնդկաստան: Այս շարժառիթն էլ ստիպել է Բրիտանիային դիրքորոշում որդեգրել Հայոց ցեղասպանության նկատմամբ: Բրիտանիան նաև նպատակ է ունեցել հակազդել ռուսական մրցակցությանը տարածաշրջանում:

«Հայոց ցեղասպանության նկատմամբ բրիտանական շարժառիթներն ավելի շուտ ունեին ռազմավարական և քաղաքական ակունքներ, որոնք էլ ձևավորեցին Բրիտանիայի տարբեր արձագանքները ճգնաժամի նկատմամբ: Այս բոլոր դրդապատճառները կառավարող սկզբունքն էր՝ նպատակն արդարացնում է միջոցները՝ միջազգային քաղաքական հանգամանքների պահանջներին համապատասխան»,-ասում է մագիստրոսը:

Նա ընդգծում է՝ միջազգային գաղութային մրցակցությունը բացասաբար է անդրադարձել հայ ժողովրդի վրա, ուստի հայկական ճգնաժամի նկատմամբ դիրքորոշումները ժամանակ առ ժամանակ տարբերվում են:

«Բրիտանիայի քաղաքական դիրքորոշումից պարզ դարձավ, որ նրանք Հայկական հարցը որպես պատրվակ օգտագործում էին Օսմանյան կայսրության գործերին անկանոն կերպով և իրենց քաղաքական ու ռազմական շահերից ելնելով միջամտելու համար։ Նրանք թույլ տվեցին հայերին՝ կրելու ողբերգությունները և օգուտ քաղեցին այդ ողբերգություններից՝ թողնելով նրանց իրենց դժբախտ ճակատագրի հետ»,-ասում է սաուդցի մագիստրոսը:

Նա ընդգծում է՝ Հայաստանն աշխարհագրորեն Անգլիայի համար դարպաս էր՝ հասնելու իր շահերին և կտրելու ռուսների ճանապարհը, ովքեր Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի նկատմամբ տնտեսական և քաղաքական գերակայության էին ձգտում։

«Օսմանցիների նկատմամբ Բրիտանիայի ռազմավարությունն էր՝ օգնել նրանց թաթախվել մեծ թվով հանցագործությունների մեջ, որ հետո նրանք դրանք օգտագործեն քաղաքական շանտաժի և այլ նպատակներով: Հայկական հարցի նկատմամբ Մեծ Բրիտանիայի քաղաքականության արդյունքներից էր 1915 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը, որի հետևանքով հայերը ցրվեցին աշխարհով մեկ»,-նշում է նա:

Թաուասիֆ բինթ Համիդ բին Մուկբիլ ալ-Ունզին ընդգծում է՝ այդ կոտորածն իսկապես տեղի է ունեցել, բայց այս զազրելի իրադարձությունը երբեմն  ժխտվում են՝ բազմաթիվ գերտերությունների ներգրավվածության պատճառով: Հետևաբար, նրանք չեն կարող դա խոստովանել:

Սաուդցի մագիստրոսը տեղյակ է՝ հայերը համարվում են Արևմտյան Ասիայի հնագույն ժողովուրդներից մեկը: Իսկ Հայոց ցեղասպանության թեմայով գիտական նյութեր ձեռք բերելու համար 2019-2021 թվականներին մի շարք գիտարշավներ են իրականացվել մի շարք երկրներում, որտեղ կան հայկական համայնքներ։ Նա նկատում է՝ այդ  համայնքները Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են։ Այդ երկրների թվում են Լիբանանը, Եգիպտոսը, ԱՄՆ-ն:

«Բեյրութի Հայկազյան համալսարանում հանդիպեցի հայ դասախոսների ու քաղաքականության ու պատմության մասնագետների հետ։ Նրանցից ամենանշանավորը Անդրանիկ Դաքեսյանն էր, ով ինձ աջակցեց: Գիտական ճամփորդության եմ գնացել նաև Եգիպտոս, որտեղ այցելել եմ Կահիրեի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն, Հայ ազգային կոմիտեի գրասենյակ և հանդիպել Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանի հետ, ով ինձ ցուցաբերեց անհրաժեշտ ողջ աջակցությունը»,-պատմում է մագիստրոսը:

Նա այցերի ընթացքում հնարավորություն է ունեցել հանդիպել նաև քրիստոնյա հոգևորականների հետ, այցելել պատմական հայկական գերեզմանատներ։

«Չնայած ճանապարհորդություններիս ընթացքում հանդիպած դժվարություններին՝ ես վճռել էի հնարավորինս շատ գիտական նյութ հավաքել՝ լույս սփռելու Հայաստանի և նրա ժողովրդի հարուստ պատմության վրա: Ընդհանուր առմամբ, հայ ժողովուրդն ունի հարուստ պատմություն և մշակույթ, որն արժանի է ճանաչման և հարգանքի: Կարևոր է ճանաչել այն վայրագությունները, որոնց նրանք բախվել են և աշխատել արդարության և հաշտության ուղղությամբ»,-եզրափակում է նա:

  • Կիսվել: