կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
ՌԴ դեսպանը՝ Նժդեհի, Բելլա Քոչարյանի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին

ՌԴ դեսպանը՝ Նժդեհի, Բելլա Քոչարյանի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանում հետախուզվող նախկին հայ պաշտոնյաներին վերաբերող հարցին՝ ասաց, որ հարցը պետք է ուղղել համապատասխան մարմիններին, հավանաբար՝ Գլխավոր դատախազությանը:

Այդուհանդերձ դեսպանը հայտնեց իր անձնական տեսակետը՝ նշելով, որ հարցին պետք է մոտենալ ոչ թե քաղաքական, այլ իրավական տեսանկյունից:

Դեսպանը հրաժարվեց մեկնաբանել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասին հարցին՝  նկատելով, որ կխուսափեր քաղաքական գնահատականներից, առավել ևս, որ գործի բոլոր մանրամասներին չի տիրապետում: «Որքանով տեղյակ եմ, մեր իրավապահ մարմինները այս հարցերով համագործակցում են»,- նշեց Սերգեյ Կոպիրկինը:

Դիտարկմանը՝ սա  բացասական ազդեցություն չի՞ ունենում երկկողմ հարաբերությունների վրա, դեսպանն ասաց, որ պատրաստ չէ այդ թեմաներով որևէ քաղաքական մեկնաբանություն տալ. «Ինձ համար հարցն իրավական է»:

Անդրադառնալով Գարեգին Նժդեհի մասին թեմայի ակտիվացման մասին հարցին՝ Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ այս հարց վերաբերում է ընդհանուր պատմությանը. «Սրանք հարցեր են, որոնք վերաբերում են մեր՝ Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր պատմությանը: Այստեղ է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմը: Անկասկած, այս հարցերը շատ նուրբ են, այդ թվում նաև այն միջազգային քաղաքական կոնտեքստում, երբ մենք տեսնում ենք, թե ինչպես է փորձ արվում վերաշարադրել պատմությունը, այն, ինչն այն ժամանակ տեղի է ունեցել»:

Լրագրողները նաև հարցրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան  վերջին այցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Բելլա Քոչարյանի հետ հանդիպման մասին։ Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ Պուտինն աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, դեսպանն ասաց, որ իր համար դա նշանակում է հանդիպում Բելլա Քոչարյանի հետ. «Այլ մեկնաբանություններ տալ ես պատրաստ չեմ, քանի որ դա եղել է ոչ թե իմ, այլ նախագահի հանդիպումը»:

 

  • Կիսվել: