Քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը
2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ձևավորվել է 2005 տեղամաս։ Հավատարմագրվել է 13 տեղական դիտորդական կազմակերպություն։ Վերջիններս հավատարմագրել են 2668 դիտորդ, իսկ 8 միջազգային դիտորդական խմբեր՝ 647 միջազգային դիտորդ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով ԱԺ ընտրություններին հետևել են տարբեր երկրների ընտրական մարմինները ներկայացնող և ընտրական ոլորտի կազմակերպությունների 38 ներկայացուցիչ։ ՀՀ-ում հավատարմագրված 35 դիվանագիտական ներկայացուցչություններ հավատարմագրել են 125 ներկայացուցիչ։
Հավատարմագրվել է 71 տեղական լրատվամիջոց, որոնիցից 17-ը՝ հեռուստաընկերություն։ ԶԼՄ-ները հավատարմագրել են 647 ներկայացուցիչ։ Ընտրությունները դիտարկելու նպատակով 84 օտարերկրյա ԶԼՄ հավատարմագրել է 188 ներկայացուցիչ։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը խորհրդարանի հերթական նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընտրությունների կազմակերպմանը մասնակցել են 15.915 անձ։ Մոտ 120 հանձնաժողովական քվեարկության օրը չի ներկայացել տեղամաս։ ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ այս խնդիրը կարգավորվել է Ընտրական օրենսգրքով։
2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կազմակերպվել են տարբեր դասընթացներ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, նախագահների, տեխնիկական սարքեր սպասարկող մասնագետների և ընտրությունների կազմակերպման գործընթացներում ներգրավված այլ անձանց համար, իրականացվել են իրազեկման արշավներ։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների 16․000 անդամներից դասընթացներին մասնակցել է 14․874-ը։
300 և ավելի ընտրող ունեցող բոլոր 1757 տեղամասերում տեսախցիկներ են տեղադրված եղել՝ 245 տեղամասով ավելի 2021 թվականի ընտրությունների համեմատ։
«99 տոկոսն ընտրողների քվեարկել է ուղիղ հեռարձակման ներքո»,- արձանագրել է Վահագն Հովակիմյանն ու հավելել, որ բացառությամբ երեք տեղամասերի (այդ տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել) որևէ տեղամասի վերաբերյալ ընտրախախտման փաստ չի եղել, տեսագրություն չի հրապարակվել։
Գրանցամատյանների տվյալների համաձայն՝ քվեարկության օրը տեղամասերում եղել է 25․049 վստահված անձ։ Քվեարկության օրը ՀՀ տեղամասերում եղել են շուրջ 42․000 դերակատար՝ հանձնաժողովի անդամ, դիտորդ, վստահված անձ, թեկնածուներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլն։ ԿԸՀ նախագահի խոսքով խախտման վերաբերյալ հիմնավորված դիմում նույնիսկ քվեարկության օրը չի ստացվել, եղել են ահազանգեր, որոնց մասով խնդիրներն արագորեն լուծվել են։
Վահագն Հովակիմյանն արձանագրել է, որ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով 30 տեղամասի վերաբերյալ վերահաշվարկի ընդամենը 30 պատշաճ դիմում է ներկայացված եղել։ Արդյունքում՝ 637 տեղամասում իրականացվել է վերահաշվարկ, և թվային տարբերությունը չնչին է եղել։
Ամփոփելով ելույթը՝ ԿԸՀ նախագահը փաստել է, որ ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ ԿԸՀ որոշումը բողոքարկվել է Սահմանադրական դատարանում, և ՍԴ-ն որոշմամբ ուժի մեջ է թողել ԿԸՀ-ի որոշումը։ «Սա այն մեծ իրավական բանավեճն էր, որն ընտրությունների շուրջ ընթացել է և հանգուցալուծվել»,- ընդգծել է զեկուցողը։
Հիմնական զեկուցողին հարց տալու համար գրանցվել է 28 պատգամավոր։


