կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Քաղաքացիական հասարակությունը պիտի տիրապետի զենքի մշակույթին. Արծրուն Հովհաննիսյանը «Զենքի շրջանառության կարգավորման» օրինագծի մասին

Քաղաքացիական հասարակությունը պիտի տիրապետի զենքի մշակույթին. Արծրուն Հովհաննիսյանը «Զենքի շրջանառության կարգավորման» օրինագծի մասին

ՀՀ զենքի մասին եղած օրենքն այսօր արդեն բավական հնացած է, չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, ներառում է բազմաթիվ անիմաստ ու ձևական քաշքշուկներ, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն առաջացավ նրա մեջ շտկումներ մտցնել: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի մեջ լրացումներ կատարելու օրենքի նախագծի անհրաժեշտության մասին:

Նշենք, որ նախագիծը, որի մշակման փուլին Հովհաննիսյանը մասնակցել է որպես փորձագետ, այս պահին շրջանառության մեջ է: Այն, ըստ Հովհաննիսյանի, ենթադրում է զենքի ձեռքբերման, կրման, օգտագործման մշակույթի հիմքային փոփոխություններ, որոշակի լիբեռալացնում է զենքի օրինական ձեռք բերման և կրման դաշտը:

«Մեր քաղաքացիական հասարակությունը պիտի տիրապետի զենքի մշակույթին, որը մեզ մոտ չի եղել, չի զարգացել, մեզ մոտ պետք է զարգանան տարատեսակ սպորտային հրաձգության ձևերն ու եղանակները և այլն: Մոտավորապես վարորդական վկայականի սկզբունքներն են կիրառվելու զենքի կիրառման թույլտվության վրա` անհրաժեշտ կլինի սովորել, քննություն հանձնել և նոր միայն ձեռք բերել: Նաև որոշ բաներ էլեկտրոնիզացվելու են, թղթաշրջանառությունը պարզեցվելու է»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Ըստ փորձագետի՝ մի կողմից՝ մարդը պետք է հասկանա, որ զենքն այդքան հասանելի, պրիմիտիվ բան չէ, բայց մյուս կողմից էլ՝ հնարավորություն ունենա 21-րդ դարում ակոսափող հրացան ունենալ, ոչ թե հինգ տարի սպասել դրա համար:

Մեր հարցին, թե ստեղծված իրավիճակում, երբ հատկապես պատերազմից հետո մարդկանց նյարդերը գերլարված են, և գրեթե օր չկա, որ այս կամ այն տեղ կրակոց չհնչի, արդյոք այս նախագիծն ընդունվելու դեպքում չի՞ խթանի հրազենային հանցագործությունների աճը՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ-ոչ, դրանք անլուրջ պնդումներ են, երբեք այդպես չի եղել: Նախ՝ այս օրենքի մասին մտածել, առաջարկել, պնդել, ուսումնասիրել եմ դեռ 2012-14 թթ.: Աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ հարյուր քաղաքացուն  հիսուն և ավելի զենք է բաժին ընկնում, ոչ մի տեղ օրինական զենքով հանցագործության բարձր ցուցանիշ չկա, ընդհակառակը, և դա ունի հստակ տրամաբանություն»:

Պարզաբանելով խոսքը՝ Հովհաննիսյանն ասաց, որ բոլոր հասարակություններում ապօրինի զենքը կրում է որոշակի արտոնյալ խավ, որը կատարում է հանցագործություններ՝ հիմնականում ապօրինի զինատեսակներով: Իմանալով, որ դիմացինը չունի զենքով ինքնապաշտպանվելու հնարավորություն՝ հանցանք գործողը, փորձագետի խոսքով, սկսում է է՛լ ավելի լկտիանալ, իսկ հակառակ պարագայում, երբ իմանա, որ դիմացինը ևս զինված է, այլևս չի կիրառի իր զենքը:

Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ աշխարհում դա պրակտիկորեն ապացուցված է:

Հավելենք, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրենքի նախագծով զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը սահմանվում է 21 տարեկանը:

Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։

Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:

Սահմանվում են զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը:

Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը:

Հստակեցվում են զենքի տեսակները:

Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:

Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։

Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:

Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն։

Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։

Սույն նախագիծը ուժի մեջ կմտնի ընդունվելուց հետո՝ 3 ամիս անց։

  • Կիսվել: