հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պտղնի գյուղով անցնող միջպետական ճանապարհն այս տարի չի վերանորոգվի. Սանոսյան

Պտղնի գյուղով անցնող միջպետական ճանապարհն այս տարի չի վերանորոգվի. Սանոսյան

Կոտայքի մարզի Պտղնի գյուղով անցնող միջպետական ճանապարհն այս տարի չի վերանորոգվի։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցին։
Պատգամավորը նշեց, որ Պտղնի գյուղի միջպետական ճանապարհը, որը նաև Սևան–Երևան մայրուղին շրջանցող ուղի է և Երևանը կապում է Նոր Հաճնի, Հրազդանի ու Աբովյանի հետ, վերջին անգամ վերանորոգվել է 1988 թվականին։
 
«Ճանապարհն այս տարի հնարավոր չէ վերանորոգել, քանի որ 2024 թ. բոլոր աշխատանքները բավականին մեծ ծավալով արդեն իսկ պլանավորված են, սակայն հաջորդ տարիների ծրագրերի մեջ այս հարցը կդիտարկվի»,– ասաց Սանոսյանը։
Մինչ այդ, ըստ նրա, ուսումնասիրություններ կարվեն` հասկանալու, թե ինչ բնույթի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ պետք է արվեն այդ ճանապարհի վրա։

  • Կիսվել: