հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են Իրանի սահմանադրությամբ. Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ

Փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են Իրանի սահմանադրությամբ. Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ

Ալ-Մայադին հեռուստաընկերությունը հատուկ հարցազրույց է ունեցել Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանի հետ, փոքրամասնությունների եւ հատկապես իրանահայության մասին, գրում է parstoday.com-ը:

Թղթակցի հարցերին ի պատասխան Սրբազան Հայրը կարեւորությամբ շեշտեց իրանյան հասարակայնության բազմազանությունն ու կրոնական ազատությունները։ Հիշեցնենք, որ հայ համայնքը դարերից ի վեր Իրանը համարել է իր ծննդավայր հայրենիքը եւ իբրեւ այդպիսին մասնակից է եղել դրա զարգացման ընթացքին՝ մշակութային, արվեստի, պատմական, հասարակական կյանքի ոլորտներում եւ անհրաժեշտության դեպքում իր արյունն է թափել ի սեր Իրանի ամբողջականության պահպանման, խաղաղության ամրապնդման եւ առավել պայծառ կյանքի։

Մի այլ հարցի ի պատասխան՝ Սրբազան Հայրը հայտնել է, որ փոքրամասնությունների իրաւունքները Իրանի սահմանադրությամբ պաշտպանված են և սա հոգեկան խաղաղություն և հանգստություն է տալիս փոքրամասնություն կազմող հավատացյալներին։

Անդրադարձ է եղել նաև վերջին ավելի քան երկու ամիսներին երկրում տեղի ունեցող անհանգստություններ-խռովություններին։ Սրբազան Հայրը կարևորությամբ շեշտել է, որ հարկավոր է խռովություններին խաղաղությամբ ու փոխադարձ սիրով փորձել հետամուտ լինել երկրի ամբողջականության եւ զարգացման պահպանման սիրույն:

Սրբազան Հայրը իր հարցազրույցն ավարտել է սիրո եւ խաղաղության պատգամով, քանի որ Քրիստոս աշխարհ եկավ իբրև Աստվածային սիրո արտահայտություն։

 

  • Կիսվել: