հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Փլուզվել են Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը և մայթի մի հատվածը

Փլուզվել են Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը և մայթի մի հատվածը

Այսօր` մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող հենապատը փլուզվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից` մեկ մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Մհեր Խալաթյանի,  գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնի հերթապահ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում փրկարարները, պարեկները ու համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, ինչից էլ փլուզվել է նախկին քրեակատարողական հիմնարկի արտաքին պարիսպը՝ մոտ 4 մետր բարձրությամբ և 30 մետր երկարությամբ, դեպի ներս, փլուզվել է նաև մայթը՝ մոտ 1 մետր լայնությամբ և 30 մետր երկարությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել։

  • Կիսվել: