չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պետրոս Ղազարյանը Եսայի քահանա Արթենյանին հրավիրել է եթեր. վերջինս արձագանքել է. մանրամասներ

Պետրոս Ղազարյանը Եսայի քահանա Արթենյանին հրավիրել է եթեր. վերջինս արձագանքել է. մանրամասներ

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանն արձագանքել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի այն մեղադրանքներին, թե Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափում է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքները:

«Եսայի քահանա Արթենյանը ասում է ,որ Հանրայինը եկեղեցականներին եթեր չի հրավիրում, օբյեկտիվ չենք։

Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր»,-գրել է նա։

Իր հերթին Եսայի քահանա Արթենյանը պատասխանել է Պետրոս Ղազարյանին՝ նշելով. «Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները»։

«Ի գիտություն Պետրոս Ղազարյանին

Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի պատասխան ինձ հրավիրել է իր հաղորդմանը հյուր: Որոշ թյուրընկալումներ բացառելու համար ցանկանում եմ վերստին շեշտել, որ Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է ոչ թե անձամբ ինձ, այլ առհասարակ եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցելու խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին:

Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները, և այս առումով Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է, և վաղը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը բարձրաստիճան եկեղեցականներից մեկը պատրաստ է ներկայացնել Եկեղեցու տեսակետները:

Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:

Մայր Աթոռը դեմ չի լինի անգամ, եթե հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եսայի քահանա Արթենյան ասել էր․ «Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների և նրա ազդեցության տակ գտնվող, այդ թվում նաև հանրային միջոցներով գործող լրատվամիջոցների կողմից։

Բարոյական նորմերը խախտելով՝ որոշ քաղաքական և հասարակական գործիչներ, միգուցե մարդահաճությունից մղված, չվարանեցին ստի և կեղծիքի մեղադրանք հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին՝ իսպառ խեղաթյուրելով Մայր Աթոռի հայտարարությունը և հերյուրանք որակելով բարձրաձայնված մտահոգությունները։

Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին։

Որպեսզի ընկալելի լինի, մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք, այս պարագայում Տավուշում, չհանձնել հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը»։

  • Կիսվել: