հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պետք է ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր ընդվզումը կամ արտահայտեք ձեր կողմ լինելը․ Բագրատ Սրբազան

Պետք է ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր ընդվզումը կամ արտահայտեք ձեր կողմ լինելը․ Բագրատ Սրբազան

 Բավակա’ն է, «խխունջացած» մի՛ ապրեք, ամեն օր տուն գնալուց մտածեք ձեր խղճի, ինքնասիրության ու ինքնության մասին, մտածեք, որ երեխաներն այստեղ գիշեր-ցերեկ Ձեզ համար արցունքախառն կանգնած են։ Այս մասին քիչ առաջ Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով ՀՀ բոլոր քաղաքացիներին։

Նա ևս մեկ անգամ նշեց, որ սա Կիրանցի խնդիրը չէ, իրենք կարող են գնալ ուրիշ տեղ հանգիստ ապրել, սա Հայաստանի Հանրապետության և հայոց պետականության վճռորոշ ժամն է․

«Հիմա ժա՛մն է, Ձեր ձայնը բարձրացրեք, խոսեք ճշմարտության մասին, պետք է ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր ընդվզումը կամ արտահայտեք ձեր կողմ լինելը»։

Նրա խոսքով՝ հոգևորականությունն այսօր պաշտպանում է իր ժողովրդի շահերը, դժբախտաբար, իր իսկ սեփական կառավարությունից ու պետությունից։

Անդրադառնալով նախօրեին զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, Բագրատ Սրբազանը նշեց, որ զինվորականները հուզված վիճակում են հայտնվել այնտեղ։

«Տեղի պայմանագրային զինծառայողներն են, այս հող ու ջրի մարդիկ, այդ հուզականության մեջ ինչքան կամք պետք է ունենային, որ ինչ-որ ձևով չարտահայտեին։ Իրենց համազգեստով են արտահայտել և այսօր նույնիսկ ասում են, որ զղջացել են։ Ես դա զղջում չեմ համարում, համարում եմ անդրադարձ։ Այո՛ պետք չէ, որ զինվորականությունը, որը կոչված է սահմանը պահպանելուն ու պաշտպանելուն, իրենց բնութագրմամբ, քաղքական պրոցեսների մասնակցի։ Պետք չէ նաև, որ երեխաները մասնակցեն, բա այդ երեխաներն ու կանաք քաղաքական պրոցեսի ե՞ն մասնակցում, այսքան ժողովուրդ քաղաքական պրոցեսների է՞ մասնակցում։ Ո՛չ, ճշմարտության դատին են մասնակցում», - նշեց Տավուշի թեմի առաջնորդ՝ հավելելով, որ այդ զինվորականներն էլ չեն կարողացել անտարբեր անցնել։

«Այդ տղաների մասնակցությունը մենք ընդունում ենք որպես հուզական դրսևորում, և որևէ կերպ իրենք քրեական կամ այլ պատասխանատվության ենթակա չեն կարող լինել», - հավելեց նա՝ միևնույն ժամանակ դիմելով զինվորականներն և հորդորելով ոչ թե արձագանքել տրված հրամանների, այլ իրենց վարքով կանխել անօրինական հրամանները։

  • Կիսվել: