ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Պետական վերահսկողական ծառայությունը դատական հայց է ներկայացրել «Հետաքննող լրագրողներ»-ի և ՊՎԾ նախկին աշխատակցի դեմ

Պետական վերահսկողական ծառայությունը դատական հայց է ներկայացրել «Հետաքննող լրագրողներ»-ի և ՊՎԾ նախկին աշխատակցի դեմ

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» լրատվամիջոցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու, փոխհատուցման գումարի բռնագանձման և ընդդեմ նախկին աշխատակցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջներով:

Հայցի փաստական հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «HETQ.AM» կայքում և «Հետք» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է նյութ՝ «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» վերտառությամբ, որտեղ մասնավորապես նշվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բաժնետիրոջ հետ բարեկամական և ազգակցական կապեր ունեցող անձինք ստուգման ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել Առողջապահության նախարարությունում և Պետական վերահսկողական ծառայությունում:

Տվյալ նյութի շրջանակներում, ՊՎԾ նախկին աշխատակիցն էլ «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ իբրև օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել: Համապատասխան քրեական վարույթի ժամանակ էլ իբրև հաստատվել է թերի ուսումնասիրություն կատարելու «փաստը»: Այնուհանդերձ, Ծառայությունը փաստերով նշում է, որ հրապարակման մեջ նշված մի շարք հանգամանքներ իրականության հետ որևէ աղերս չունեն:

Ավելին՝ դրանք քննության առարկա են հանդիսացել Ծառայությունում իրականացված ծառայողական քննության, իսկ հետագայում՝ նաև Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, և այդ պնդումները չեն հաստատվել տրված վերջնական իրավական գնահատականների շրջանակներում: Այսպիսով, ակնհայտ է, որ «HETQ.AM» կայքում և «Հետք» ֆեյսբուքյան պաշտոնական էջում 25.12.2024 թվականին տեղադրված հոդվածն իր բնույթով զրպարտություն է:

Նման բովանդակությամբ նյութի հրապարակումը չի հետապնդում իրավաչափ նպատակ՝ հասարակությանը տրամադրելու անաչառ տեղեկատվություն, այլ նպատակ է հետապնդում բացառապես արատավորելու պետական մարմնի՝ Պետական վերահսկողական ծառայության բարի համբավը:

  • Կիսվել: