Պատգամավորներն առաջարկում են պետտուրքի արտոնություն տալ պահուստային տրանսպորտային միջոցներին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում։
Մասնավորապես, ԲՀԿ-ական պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Գրիգորյանն առաջարկում են պետական տուրքի արտոնություն տալ բացառապես պահուստային տրանսպորտային միջոցներին, եթե այդ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործմամբ կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպմամբ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշեց, որ նախագծով հիմնականում առաջարկվում է արտոնություններ տալ այն պահուստային տրանսպորտային միջոցներին, որոնք դե ֆակտո երթուղու սպասարկմանը չեն մասնակցում առօրյա ռեժիմում, այլ մասնակցում են այն պարագայում, երբ հիմնական մեքենաները շարքից դուրս են գալիս։
«Այս առումով նրանց պետական տուրքից ազատելը համարում ենք արդարացի»,- ասաց փոխնախարարը։


