ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փաշինյանը՝ ապօրինի որդեգրումների մասին

Փաշինյանը՝ ապօրինի որդեգրումների մասին

Երեկ շոկային լուր ստացվեց և տարածվեց իրավապահ մարմինների կողմից։ Այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշեց՝ խոսքն այն մասին է, որ ՀՀ-ում բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմ։

«Երբ օգոստոսի 16-ին, հաշվի առնելով բազմաթիվ ահազանգերը, նամակները, կառավարությունում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կազմով խորհրդակցություն անցկացրեցինք և տվեցինք կոնկրետ հանձարարականներ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը, այդ ժամանակ մարդկայնորեն չէի կարող հավատալ, որ կլինեն կոնկրետ բացահայտումներ: Բայց փաստ է, որ այս պահին ունենք ձերբակալված անձինք: Իհարկե ՀՀ օրենսդրությամբ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել, բայց եթե այսպիսի գործողություններն արվել են, նշանակում է, որ կան առնվազն կասկածելու հիմքեր»,-ասաց վարչապետը:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարեց, որ վաղն առաջադրվելու են մեղադրանքներ, ընտրվելու են խափանման միջոցներ:

Ըստ նրա՝ այդ գործով երկու շաբաթ առաջ ևս մեկ անձ էր ձերբակալվել, ում մեղադրանք է առաջադրվել, երեկ էլ ևս 4 անձ է ձերբակալվել:

Հայկ Գրիգորյանի խոսքով՝ այս պահին ապացույցների համակցությունը բավարար է նրանց մեղադրանք առաջադրելու՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելու հոդվածով:

«Գործով կատարվել են մի շարք խուզարկություններ։ 2012 թվականից սկսած բոլոր փաստաղթղթերն առգրավվել ենք, որոնք ենթարկվելու են մանրակրկիտ զննության: Ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց այդ հանցանքը կատարելու մեջ: Մոտ օրերս, վաղը կամ մյուս օրը, այդ անձանց կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»,- ասաց Հայկ Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ հասկանալի է, որ գործն էմոցիոնալ արձագանք է առաջացրել հանրության շրջանում, բայց շատ կարևոր է, որ գործի քննությունը լինի առանց էմոցիաների, ամբողջական։

«Կարևոր է հասկանալ, թե ինչպես է պատահել, որ Հայաստանում կարող է նման մեխանիզմ գոյություն ունենալ և գործել: Կասկածներ կան, որ այդ մեխանիզմը բավականին երկար ժամանակ գործել է: Մենք պետք է խնդիր դնենք գործի ամբողջական քննություն իրականացնելու համար, որպեսզի այն իր բոլոր մետաստազներով լիարժեք բացահայտվի: Ուզում եմ մի այսպիսի խոստովանություն էլ անել: Շատ դեպքերում, երբ ահազանգերը ստանում էինք, երբեմն ոչ այնքան ադեկվատ, էմոցիոնալ պոռթկումների տպավորություն էր թողնում, բայց հիմա երբ հետահայաց նայում ենք, գուցե թե մեր գնահատականն այնքան էլ ճիշտ չի եղել: Պետք է բոլոր դեպքերը առանձին-առանձին ուսումնասիրել, քննել, որ բոլոր հնարավոր կասկածները փարատվեն, և մենք իսկապես արձանագրենք, որ այդ ամոթալի էջը փակել ենք իր բոլոր իրավական հետևանքներով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: