ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պարոն Թորոսյան մեր երկրի հյուսիսն ու հարավը՝ Լոռին ու Սյունիքը, քաղցկեղից մահանում են. Թանդիլյանի հարցը՝ նախարարին

Պարոն Թորոսյան մեր երկրի հյուսիսն ու հարավը՝ Լոռին ու Սյունիքը, քաղցկեղից մահանում են. Թանդիլյանի հարցը՝ նախարարին

Այսօր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը տարօրինակ համարեց այն, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղցկեղի դեմ պայքարելիս կենտրոնացել է միայն ծխելու դեմ իրականացվող ակցիաներով:

«Պարոն Թորոսյան մեր երկրի հյուսիսն ու հարավը՝ Լոռին ու Սյունիքը, քաղցկեղից մահանում են, և ես որևէ ծրագիր չեմ տեսնում, որը գիտականորեն կպարզեր՝ ինչու են այս մարզերում ամենաշատը մահանում քաղցկեղից: Լավ կլիներ գիտականորեն ապացուցել, որ հետո հասկանայինք՝ ինչպես պայքարել դրա դեմ: Հյուսիսում ու հարավում քաղցկեղից մահացածության դեպքերը ահասարսուռ են ուղղակի», -դիմելով ոլորտին հատկացվող բյուջեի մասին զեկուցող Արսեն Թորոսյանին՝ ասաց Մանե Թանդիլյանը:

Արձագանքելով Թանդիլյանին, Թորոսյանն ասաց, որ ինքը չի կապում ծխախոտն ու քաղցկեղը, այլ գիտնականները, որոնք ապացուցել են, որ ծխելու հետևանքով քաղցկեղի հավանականությունը մեծ է:

Ընդհանուր առմամբ, ըստ Թորոսյանի, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ամենատարածվածը՝ 50 տոկոսից ավելին սիրտանոթային հիվանդացություններն են, և մարդիկ հիմնականում դրանից են մահանում: Երկրորդ տեղում, ըստ նախարարի, քաղցկեղային հիվանդացություններն են:

«Մենք որևէ կաշկանդվածություն չունենք ասելու, որ շրջակա միջավայրի գործոնները կարող են առաջացնել քաղցկեղ և ոչ միայն: Ավելին ասեմ, շրջակա միջավայրի գործոնները ավելի շատ ուրիշ հիվանդություններ են առաջացնում, քան քաղցկեղ, չնայած որ քաղցկեղը դրոշակ է դարձել այդ հարցը բարձրացնելու առումով: Օդի աղտոտվածությունից օրինակ, աշխարհում միլիոնավոր մարդիկ են մահանում, բայց բարեբախտաբար, մեզ մոտ՝ Հայաստանում այնքան էլ վատ վիճակում չէ», -ասաց Թորոսյանը:

Այդուհանդերձ, Թորոսյանը չհամաձայնեց Թանդիլյանի հետ և ասաց, որ բնավ էլ այնպես չէ, որ Սյունիքը օնկոլոգիական հիվանդություններից մահացությամբ առաջին տեղում է: «Այո, Լոռին է, որտեղ ամենամեծ բնակավայրերից Վանաձորն է: Այստեղ ոչ մի քիմիական գործարան չի աշխատում, բայց այդ հիվանդացությունը բարձր է ու հիմա մենք հետազոտում ենք, որ հասկանանք՝ ինչու է այդպես», -ասաց Թորոսյանը:

 

  • Կիսվել: