հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փակ տարածքներում դիմակի կրումը դեռևս կմնա պարտադիր. Անահիտ Ավանեսյան

Փակ տարածքներում դիմակի կրումը դեռևս կմնա պարտադիր. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդգծում է, որ կորոնավիրուսի նոր շտամները մտահոգության տեղիք են տալիս: Անահիտ Ավանեսյանն այդ մասին ասել է կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ Հայաստանում որոշ նմուշներ ևս սեկվենավորվում են՝ վիրուսների շտամները պարզելու համար: «Եթե երկրում նոր շտամներից որևէ մեկը հայտնաբերվի, դրա մասին հանրությանը կտեղեկացնենք: Սակայն նոր շտամների ի հայտ գալը, դրանց արագ տարածումը բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, հուշում է, որ դեռ վաղ է հրաժարվել դիմակներ կրելուց. փակ տարածքներում դիմակի կրումը դեռևս կմնա պարտադիր»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ ինքն արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափերը, սակայն շարունակում է դիմակ կրել: «Շատ կարևոր է, որ մարդիկ ակտիվորեն պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, ինչը կօգնի դանդաղեցնել վարակի տարածումն ու կխանգարի նոր շտամների ի հայտ գալուն»,- ասաց նա:

  • Կիսվել: