Պ․Սևակի 1/7 հասցեում նորակառույց շենքի բնակիչներն արդեն օրենքով ԳԱԱ ինստիտուտի տարածքով մուտք կունենան դեպի շենք
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 6-ի նիստում հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) տրամադրելու մասին որոշում կայացրեց:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտության զարգացման հիմնադրամը խնդրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգատգործման իրավունքով ամրացված Երևան քաղաքի Պ․Սևակի փողոց 1 հասցեում գտնվող 396․61 քառ․ մետր մակերեսով հողամասի նկատմամբ անհատույց անժամկետ կնքել կամավոր սերվիտուտի պայամանագիր։
Նշվել է, որ այդ հողամասը ծառայելու է Երևան քաղաքի Պ․Սևակի 1/7 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակիչներին որպես մուտք դեպի բազմաբնակարան շենք և ավտոկայանատեղի։
Նախագծով սահմանվել է նաև, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն պայմանագրի կնքումից երեք տարի հետո կմշտադիտարկի ընթացիկ իրավիճակը և կներկայացնի առաջարկություն Հողամասի հետագա տնօրինման վերաբերյալ։