Որբ չեմ մեծացել, ընկերներ ունեմ, բայց փաստ բերեք, որ քայլս առավելություն է տվել նախկին կուսակիցներիս. ԿԸՀ նախագահ
Որբ չեմ մեծացել, ընկերներ ունեմ, բայց փաստ բերեք, որ քայլս առավելություն է տվել նախկին կուսակիցներիս: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Ես 3,5 տարի ԿԸՀ նախագահ եմ, բերեք մեկ փաստ, որտեղ ես ի պաշտոնե արել եմ մի գործողություն, որը իմ ընկերներին, նախկին կուսակիցներին, ազգականներին առավելություն է տվել։ Ես ունեմ ընտանիք և մեծացել եմ ծառայողների ընտանիքում: Բոլոր ծնողազուրկերին ամենայն հարգանքով՝ իմ կյանքը այնպես է ստացվել, որ ես որբ չեմ եղել։ Ես ունեմ շատ ընկերներ և այդ ընկերների զգալի մասը իմ լրագրող տարիներից են եկել, ես դաստիարակվել եմ, որ ազնիվ ապրելն է միայն բարոյական, իմ ծնողներն ինձ այդպես են դաստիարակել:
Զուտ իմ կենսագրության զբաղեցրած աշխատանքներով պայմանավորված իմ ազնվությունը կասկածի տակ դնելը ուղղակի վիրավորանք է անձիս: Ցանկացած գործողություն, որը պաշտոնական դիրքի առավելության նպատակով օգտագործում ես, քրեական հանցագործություն է»,- նշել է Հովակիմյանը:
Հովակիմյանը շեշտեց՝ 1 տասնյակից ավելի ընտրություններ են կազմակերպել, Երևանի ավագանու ընտրություններն են կազմակերպել, ոչ ոք չի բողոքարկել, և որևէ մեկը չի կարող փաստ բերել, որ իր պաշտոնավարման ընթացքում ինքը ապօրինություն է արել:
«Եթե այս պաշտոնի 6 տարվա ժամկետը լրանալուց հետո էլի միակ բանը մնա հիշելու, որ ես նախկին կուսակցական եմ, դա կստացվի, որ ես իրոք հաջողվել եմ»,- ասել է նա:


