Ոչ ոք չի ակնկալում, որ անչափահասները երեխա կունենան, բայց կյանքը՝ կյանք է. թեժ քննարկում ԱԺ-ում
Ազգային ժողովը «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծերը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգում:
Նախաձեռնություններից մեկը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքն էր:
ԼՎԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ օրենսգրքի 1292 հոդվածում սահմանված է, որ ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ վերջին բնակություն է հայտարարել ժառանգատուն, եթե այլ բան սահմանված չէ իր կտակտում:
«Ժառանգատուն կտակով կարող է սահմանել, որ իր երկրի օրենսդրությունն է կիրառվում իր ժառանգության նկատմամբ: Մենք կանխավարկածը փոխում ենք, սահմանում, որ ժառանգության նկատմամբ կիրառվում է ժառանգատուի քաղաքացիության իրավունքը, եթե այլ բան գրված չէ կտակով: Ըստ էության տրամաբանությունը թողնում ենք, սակայն կանխավարկածն ենք փոխում: Կանխավարկածն ի օգուտ փոխում ենք քաղաքացիության երկրի օրենսդրության: Իսկ եթե անձը ցանկանում է, որ իր վերջին բնակության վայրի օրենսդրությունը կիրառվի, ապա դա կարող է կտակում սահմանվել»,- նշեց նա։
Քվեարկությամբ նախագիծը ստացավ 33 «կողմ», 70 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներ՝ չընդրգրկվելով ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Քաղաքացիկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ևս չընդգրկվեց օրակարգ։
Տարոն Սիմոնյանը ներկայացնելով այն՝ նշեց, որ իրենք փորձում են ընտանեկան և քաղաքացիական օրենսդրությունների միջև հակասությունը հարթել:
«Ընտանեկան օրենսդրությունով սահմանված է, որ անչափահաս երեխան, եթե ամուսնության նվազագույն տարիքին՝ 16 տարեկանին հասել է, ապա իրավունք ունի, պարտավոր է իր ծնողական իրավունքներն ամբողջությամբ իրականացնել՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը։ Դրա օրինակն այն է, որ 16 տարեկան անչափահասը երեխա է ունենում, սակայն չի գտնվում գրանցված ամուսնության մեջ, ընտանեկան օրենսդրությունը նրան իրավունք է տալիս ծնողական իրավունքները ամբողջությամբ իրականացնել և դնում է նման պարտավորության տակ:
Սակայն Քաղաքացիական օրենսդրությունը գործունակության մեկ հիմք է տալիս՝ 18 տարեկանը լրանալը և երկու հատուկ հիմքեր, երբ անձը 16 տարեկանից աշխատանքի է անցել և ծնողների թույլտվությամբ նա գործունակություն է ձեռք բերել, և երկրորդ հիմքը, երբ նա ամուսնացել է: Սակայն մյուս հիմքը, որը ընտանեկան օրենսդրությամբ տրված է, չկա: Եվ մենք փորձել ենք այդ բացը լրացնել՝ սահմանելով հատուկ 3-րդ հիմքը, երբ անձը ամուսնության նվազագույն տարիքին հասել է, 16 տարեկան է, ունի երեխա, ապա այդ երեխա ունենալու հիմքով դառնում է գործունակ, որպեսզի կարողանա իրացնել ընտանեկան օրենսդրությամբ սահմանված ծնողական իրավունքները»,- ասաց Տարոն Սիմոնյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն էլ ընթերցելով նախագիծն՝ ասաց. «Անչափահաս ծնողները՝ լրիվ ծավալով գործունակություն են ձեռք բերում ամուսնական տարիքին հասնելու պահից։ Այսինքն՝ անչափահաս ծնող դրա համար լինել, անհրաժեշտ չէ»։
Այսինքն, ըստ նրա, բոլոր ամուսնական տարիքի հասած մարդիկ ձեռք են բերում լրիվ ծավալով գործունակություն, որի համար անչափահաս ծնող լինելը պարտադիր չէ։
Նա նաև նշեց, որ սա կողմ քվեարկելու նախագիծ չէ։
Տարոն Սիմոնյանն արձագանքեց՝ ասելով, որ Դավթյանին լսելով տպավորություն է, որ այլ նախագծի մասին է խոսքով։
«Ոչ ոք չի ակնկալում, որ անչափահասները երեխա կունենան, բայց կյանքը՝ կյանք է, լինում են դեպքեր, երբ այդպիսի իրականության հետ ենք առերեսվում, ցավոք սրտի։ Ընտաեկան օրենսգիրքն արդեն նման հնարավորություն տալիս է եւ պարտադրանք, որ եթե հանկարծ անչափահաս տարիքում՝ 16 տարեկանից առաջ կամ հետո, այդպիսի դեպք է գրանցվում, 16 տարեկանից հետո անձը պետք է ծնողական իրավունքների իրացման հնարավորություն ունենա։ Դա ունենք գրած, հիմա այդ իրացելու համար գործիք է պետք, որ գործունակ դառնա անձը, այդ գործիքն ենք սահմանում ընդամենը։ Հայրն ի՞նչ ազգանուն ունի, մայրն ի՞նչ ազգանուն ունի, ով է գրանցված հայր, ով չէ, որևէ առնչություն չունի այս օրենսդրության հետ»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը։
Արարատ Միրզոյանն էլ կատակեց. «Դե տենց ասեք, թե չէ ասում եք, ո՞վ է հայրը, պարզչ չի»։


