Նուբարաշենի հոգեբուժարանում սննդի ընդունման սահմանափակումը պայմանավորված է եղել հիվանդների անվտանգության հետ. պարզաբանում
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել` կապված Նուբարաշենի հոգեբուժարանում 50 հիվանդի հացադուլ հայտարարելու տեղեկատվության հետ: Նա գրել է.
«Անդրադառնալով «Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում. 50-ից ավելի հիվանդներ հայտարարել են հացադուլ, որոնց մեջ է դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրը» վերտառությամբ նյութին, հայտնում ենք, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հաստատել է, որ պացիենտները հարց են բարձրացրել և պահանջում են իրենց հարազատների կողմից բերված սնունդը թույլատրել ընդունել:
Տնօրենը պարզաբանել է, որ սահմանափակումը պայմանավորված է եղել հիվանդների անվտանգության հետ` սննդային թունավորումներից զերծ պահելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով վերջին 1 ամսվա ընթացքում արձանագրված աղիքային վարակի փաստը:
Սերգեյ Խաչատրյանը նաև նշել է, որ ներկա պահին թե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե ոստիկանությունից ներկայացուցիչներ կան կենտրոնում, և որ հարցը կարգավորվել է: Բաժանմունքի բոլոր պացիենտները սնունդ ընդունել են»:
Ավելի վաղ հիվանդներից մեկը հայտարարել էր. «Մեր հարազատները մեզ սնունդ են բերում, սակայն հիվանդանոցի անձնակազմը չի թույլատրում, որպեսզի մենք ստանանք մսեղեն, տաք ճաշեր: Նրանք ասում են, որ միայն պետք է ստանաք մրգեր և քաղցրավենիք: Մենք այստեղի ճաշերը չենք հավանում, բացի այդ էլ, շատ հիվանդներ սոված են մնում, իսկ մենք շատ բան չենք ուզում՝ թույլատրեն, որ ստանանք մեր հարազատների բերած ճաշերը: Մենք հայտարարում ենք հացադուլ և եթե խնդիրը չլուծվի, պատրաստ ենք նաև ջրադուլի: Էլ չենք ասում, որոշ սանիտարներ սադրում են, որ մեզ ստիպողաբար ինչ-որ դեղեր ներարկեն: Այս մասին արդեն տեղեկացրել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և սպասում ենք նրա այցելությանը, որպեսզի խնդիրը լուծվի»: