ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նոր ուսումնական տարվա դասագրքերը ներկրվել են Շիրակի մարզ․ ստացվել է 100718 դասագիրք

Նոր ուսումնական տարվա դասագրքերը ներկրվել են Շիրակի մարզ․ ստացվել է 100718 դասագիրք

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերն արդեն ներկրվել են Շիրակի մարզ, օգոստոսի 15-19-ը, ըստ նախնական մշակված ժամանակացույցի, դասագրքերը կբաշխվեն մարզի դպրոցներին։

Գործընթացը մեկնարկել է և իրականացվում է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուների վերահսկողությամբ։
Շիրակի մարզը ստացել է 100718 դասագիրք, որոնցից 72947-ը տարրական դասարանների, իսկ 12 անուն՝ 25116 դասագիրք 7-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների համար և լրացուցիչ հայտով 15 անուն՝ 2655 դասագիրք 8-րդ և 9-րդ դասարանների համար։ Շախմատի 8450 վարժությունների տետր է ստացվել, ինչպես նաև շախմատի 3-րդ դասարանի 2649 գիրք։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:
Ըստ այդմ, 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Նշենք, որ 5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Տվյալ հաստատության՝ սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից:

 

 

 

  • Կիսվել: