ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նոր կարգավորումները կնպաստեն ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի հարստացմանը` ապահովելով ուսուցման բարձր արդյունք

Նոր կարգավորումները կնպաստեն ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի հարստացմանը` ապահովելով ուսուցման բարձր արդյունք

Օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է սահմանել հստակ կարգավորումներ լիցենզավորման դաշտում, ինչը կրթության ոլորտում առանցքային գործառույթ է: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ առաջարկվել է ստեղծել հնարավորություն հաստատելու կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաեւ կլինիկական ամբիոնների, մարզադահլիճի` դրանց սարքերի, սարքավորումների, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակները: Այս դրույթի նախատեսումը կնպաստի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի հարստացմանը` ապահովելով ուսուցման բարձր արդյունք:

Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կտրվի լիցենզիաների ներդիրների միջոցով սահմանել նաեւ կրթության ոլորտի առանձնահատկությունները: Կկարգավորվեն կարեւոր նշանակություն ունեցող մի շարք հարաբերություններ` նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության, ինչպես նաեւ կրթության հիմքերի գործունեության թույլտվությունները:

Նշվել է, որ կրթության բնագավառում լիցենզավորման մի շարք գործընթացներ օրենքով ամրագրելով, գործընթացը կդառնա առավել հստակ եւ արդյունավետ, ինչպես նաեւ կկարգավորվեն իրավական ակտերի միջեւ եղած անհամապատասխանությունները:

Ի պատասխան պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե արդյո՞ք վերահսկվելու է համալրվող սարքավորումների որակը, Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առանձին իրավական ակտերով կկարգավորվեն տեխնիկական բնութագրերը:

Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

  • Կիսվել: