Նոր կարգավորումներով պետական ծառայության պաշտոն կարելի է զբաղեցնել նաև 65 տարեկանը լրանալուց հետո. Թորոսյան
Իշխանությունները նախատեսում են չեղարկել պետական ծառայողների համար օրենքով սահմանված տարիքի առավելագույն սահմանաչափը։ Այս մասին ԱԺ հանձնաժողովներում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ նոր կարգավորումներով պետական ծառայության պաշտոն կարելի է զբաղեցնել նաև 65 տարեկանը լրանալուց հետո։
Թորոսյանն ասաց, որ ավելի վաղ նման սահմանափակումն արդեն հանվել էր մասնավոր հատվածում. եթե աշխատանքից ազատելու այլ հիմքեր չկան, գործատուներին արգելվում է աշխատակիցների հետ դադարեցնել աշխատանքային հարաբերությունները միայն նրանց կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով:
Ըստ նախարարի՝ սա ևս մեկ միջոց է` ուղղված զբաղվածության աջակցմանը և ակտիվ աշխատանքային տարիքի երկարացմանը։ Նա հավելեց, որ դա նաև դրական տնտեսական էֆեկտ կունենա` հատկապես ծնելիության նվազման պայմաններում։


