Նման հանցագործությունն արդարացում չունի. Գարեգին Բ-ն՝ հայ հոգևոր հովվի և նրա հոր սպանության մասին
«Նման հանցագործությունը չի կարող ունենալ որևէ արդարացում»,-այս մասին կարդում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ անդրադարձ է կատարվում Ղամիշլիում հայ հոգևոր հովվի և նրա հոր սպանությանը:
Ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրված է.
«Խոր ցավով տեղեկացանք նոյեմբերի 11-ին Սիրիայի Գամիշլի բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով սպանվել են հայ կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովսեփ քհն. Պետոյանը և նրա հայրը, ինչպես նաև վիրավորվել է նրանց ուղեկցող սարկավագը:
Նման հանցագործությունը չի կարող ունենալ որևէ արդարացում: 21-րդ դարը պիտի լինի ժամանակաշրջան, որ աշխարհի բոլոր ծագերում տարբեր ազգերի ու կրոնների խաղաղ գոյակցությունը այլընտրանք չունենա, որ թե՛ նախկին և թե՛ ներկայիս կատարված հանցագործությունները ստանան իրենց արդար գնահատականը՝ հանուն խաղաղ ու ստեղծագործ կյանքի հաստատման:
Խստորեն դատապարտելով աստվածաստեղծ կյանքի դեմ հանցավոր ցանկացած ոտնձգությունը` Մեր աղոթքն ենք մատուցում Երկնավորին` Արժ. Տ. Հովսեփ քհն. Պետոյանի և նրա հոր հոգիների խաղաղության ու հանգստության համար և մեր վշակցությունը բերում նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում վիրավոր սարկավագին»:
Հիշեցնենք, որ Սիրիայում նոյեմբերի 11-ին ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին:
Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:
Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն:
Սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: