կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ներքին Գետաշենի դպրոցի աշակերտների մի մասը մասնավոր առանձնատանն է դաս անում. ընդդիմադիր պատգամավորը՝ Անդրեասյանին

Ներքին Գետաշենի դպրոցի աշակերտների մի մասը մասնավոր առանձնատանն է դաս անում. ընդդիմադիր պատգամավորը՝ Անդրեասյանին

Այնպես չէ, որ բոլոր դպրոցներում ժամանակին և որակյալ են ընթանում աշխատանքները: Կան դպրոցներ, որտեղ աշխատանքները արագացնելու խնդիր կա: Այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի հարցին, թե ինչո՞ւ են  Ներքին Գետաշեն համայնքում դպրոցի շինարարական աշխատանքները ձգձգվում, ինչի պատճառով երեխաների մի մասը ստիպված են 3 կմ քայլել և այլ դպրոց հաճախել, մյուս մասի համար  էլ դասապրոցեսը մասնավոր առանձնատանն է իրականացվում՝ սահմանված չափորոշիչների էական խախտումներով:

Ժաննա Անդրեասյանի խոսքով, այս պահին Հանրապետությունում տասնյակ դպրոցներ և մանկապարտեզներ են կառուցվում, և դրանց շինարարությունը տարբեր տեմպերով է ընթանում՝ կախված նրանից, թե կապալառու ընկերություններն ինչ հզորություն ունեն և ինչպես են կարողանում իրենց վերցրած պայմանագրերը կառավարել: Նա չհերքեց, որ դպրոցներից շատերում աշխատանքները արագացնելու խնդիր կա:

«Վերջին տարիներին, պետությունը էապես ավելացրել է կապիտալ ծախսերի միջոցները, միայն այս տարվա համար ԿԳՄՍ նախարարության բյուջետային հատկացումների շրջանակներում շուրջ 120 մլրդ դրամի կապիտալ ծախսեր կան, որոնք հենց դպրոցների և մանկապարտեզների շինարարությանն են ուղղված: Պարզ է նաև, որ մենք դաշտի կարողությունների զարգացման էական խնդիր ունենք, որպեսզի այս ծավալի շինարարության տեմպերը և որակը լինեն բավարար: Դա շարունակական ու հետևողական աշխատանք է»,-հավելեց ԿԳՄՍ նախարարը:

Նա հույս հայտնեց նաև, որ Ներքին Գետաշենի դպրոցում շուտով կկարողանան ավելի մեծ թափով աշխատանքները շարունակել, քանի որ նաև մոնիթորինգի մեխանիզմն են վերանայաել: Ժաննա Անդրեասյանի խոսքով, մարզպետարանների հետ միասին պարբերաբար հսկողություն է իրականացվում, և փորձում են հետևել, որ ժամկետների և որակի խնդիր չունենան:

Արման Ղազարյանի մյուս հարցին, թե ե՞րբ են սկսվելու Ներքին Գետաշենի մանկապարտեզի շինարարության աշխատանքները, որի մրցույթը դեռևս նախորդ տարի էր ավարտվել, նախարարը առաջարկեց գրավոր պատասխանել՝ համայնքի հետ ժամկետները և աշխատանքի ընթացակարգը ճշտելուց հետո:

  • Կիսվել: