հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024

Ներկայացվել են Թումո Կապանի նոր շենքի դիզայնը և Սյունիքում ընդլայնման պլանները

Այսօր` մայիսի 18-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Եվրոպայի օր 2023-ի առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակում ներկայացրեց Թումո Կապանի ապագա շենքի դիզայնը: 1932 թվականին կառուցված Կապանի երկաթուղային կայարանի պատմական շենքը կվերածվի Թումո կենտրոնի Կապանի և շրջակա համայնքների պատանիների համար:

Երկաթուղային կայարանի կողքին ժամանակավորապես տեղակայվել է Թումո տուփերի կլաստեր` տեխնոլոգիաների և դիզայնի կրթությունը հասանելի դարձնելով տեղի համայնքին մինչև Թումո Կապանի նոր շենքի կառուցման ավարտը: Շենքի շինարարական աշխատանքների ավարտից հետո տուփերը կտեղափոխվեն Սյունիքի տարբեր գյուղեր և քաղաքներ:

Կապանի երկաթուղային կայարանի վերականգնման կոնցեպտի հեղինակն է փարիզյան Normal Studio-ն, իսկ շենքի ճարտարապետաշինարարական աշխատանքներն իրականացվում են Թումոյի ճարտարապետական ստուդիայի հետ համագործակցությամբ: Շենքը կունենա ինքնուսուցման հարթակ, դասընթացի սենյակներ, ռոբոտաշինության սենյակ, ձայնագրման ստուդիա, կինոսրահ և միջոցառումների տարածք:

Թումո Կապանի նախագիծն աջակցվում է Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» կողմից (ծրագիրը նպաստում է Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական, ինստիտուցիոնալ և տեղական այլ առաջնահերթությունների զարգացմանը) Կապանի քաղաքապետարանին տրամադրված դրամաշնորհի, ինչպես նաև նվիրատուներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի աջակցությամբ:

«Շատ ուրախ ենք աջակցել Թումոյի այս նախաձեռնությանը Կապանում: Հատկապես կարևորում ենք պատմշակութային շենքի վերականգման գաղափարը: Վստահ ենք, որ այս նախագիծը նպաստելու է թե՛ կրթական, թե՛ համայնքային զարգացմանը»,- ասաց Հայաստանում ԵՄ դեպան Անդրեա Վիկտորինը:

Սյունիքում Թումոյի ներկայությունն ամրապնդելու համար Թումո Հայաստան նախաձեռնությունը կենտրոններ կհիմնի Կապանում և Սիսիանում, ինչպես նաև տուփեր Գորիսում, Քաջարանում, Մեղրիում, Շաքիում, Շինուհայրում և Տեղում: Քաջարանի և Մեղրիի տուփերը կկցվեն Թումո Կապանին, իսկ Գորիսի, Շաքիի, Շինուհայրի և Տեղի տուփերը` Թումո Սիսիանին:

«Անհամբեր սպասում ենք, թե երբ է Թումոյի ծրագիրը հասանելի դառնալու Հայաստանի բոլոր պատանիների համար: Այս գործում Սյունիքը մեզ համար ռազմավարական է: Ահա, թե ինչու որոշեցինք բացել Կապանի տուփը առաջին հնարավորության դեպքում: Ահա, թե ինչու նախաձեռնեցինք քաղաքի երկաթուղային կայարանի` որպես Թումո կենտրոնի վերակառուցումը Կապանի քաղաքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» և մեր նվիրատուներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցությամբ: Վերջապես, ահա, թե ինչու ենք որոշել Թումո տուփերի կլաստերը բերել Կապան և չսպասել շենքի շինարարության ավարտին: Համայնքի պատանիներին մաղթում ենք անմոռանալի փորձառություն»,- ասաց Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Թումո Հայաստան նախաձեռնության միջոցով պլանավորվում է կառուցել 110 տուփերի և 16 կենտրոնների ցանց, որը Թումոյի ծրագիրը հասանելի կդարձնի Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր երիտասարդի: Յուրաքանչյուր Թումո տուփ շաբաթական 320 ուսանողի ապահովում է կրթությամբ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում: Ուսանողները կանցնեն ինքնուսուցման վարժանքներն իրենց տուփում և հետո կմասնակցեն դասընթացների ու աշխատարանների Կապանի կամ Սիսիսանի կենտրոններում: Երկու Թումո կենտրոնները և վեց տուփերը Սյունիքի մարզում շուտով կստեղծեն կրթական ցանց, որը հայ պատանիների համար հասանելի կդարձնի համաշխարհային շուկայում առանցքային ոլորտների որակյալ կրթությունը: Սյունիքի մարզում բոլոր կենտրոնների և տուփերի տեղակայման ավարտից հետո շաբաթական 4000-ից ավելի ուսանող կկարողանա հաճախել ժամանակակից աշխատատարածքներ, որոնք զինված կլինեն Թումոյի կրթական ծրագրով:

  • Կիսվել: