հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Նեմեսիսի» արձանը որևէ երկրի կամ ժողովրդի դեմ չէ. Տիգրան Ավինյան

«Նեմեսիսի» արձանը որևէ երկրի կամ ժողովրդի դեմ չէ. Տիգրան Ավինյան

«Նեմեսիսի» արձանը որևէ երկրի կամ ժողովրդի դեմ չէ, դա մեր ազգային արժանապատվության հուշարձանն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հարցին՝ արդյոք հուշարձանի բացման արարողությանն իր ներկա գտնվելու պատճառը ՔՊ-ի հետ չմտազուգորդվելն է եղել, քանի որ կուսակցությունն այժմ մտազուգորդվում է Արցախի հողերն Ադրբեջանին հանձնելու և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հետ, Ավինյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ այս հարցին արդեն համապարփակ պատասխանել է։

Դիտարկմանը, որ արարողությանը մասնակցելով փոխքաղաքապետը դեմ է գնացել իր թիմի վարած քաղականությանը և խանգարել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, քանի որ անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է մեղադրել քաղաքային իշխանություններին արձանի տեղադրման որոշում կայացնելու համար, Ավինյանը պատասխանեց․

«Ես այդպես չեմ կարծում։ ես ասել եմ, որ «Նեմեսիսի» արձանը որևէ երկրի կամ ժողովրդի դեմ չէ, դա մեր ազգային արժանապատվության հուշարձանն է, և հավելելու որևէ բան չունեմ»։

Լրագրողի այն դիտարկմանը, որ նախորդ ճեպազրույցի ժամանակ Ավինյանը շեշտել էր, թե ԱԳՆ-ն հուշարձանի տեղադրման որոշման հետ կապ չի ունեցել, մինչդեռ իրականում 2021 թվականին ԱԳՆ-ն դրական եզրակացություն է տվել նախագծին և միայն դրանից հետո է այն հասել քաղաքապետարան, Ավինյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել․

«Այդ պահին այդ ինֆորմացիան եմ ունեցել», - հավելեց նա։

  • Կիսվել: