ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի ներկայացուցչի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի ներկայացուցչի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women) ներկայացուցիչ Կաորի Իսիկավայի հետ։

Կողմերն անդրադարձել են նախարար Նարեկ Մկրտչյանի՝ Նյու Յորք կատարած այցի շրջանակում կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ, կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Օսա Ռեգների հետ հանդիպման ընթացքում քննարկված UN Women-ի Հայաստանում ներգրավվածությունը մեծացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությանը։ Քննարկվել են նաև «Կանանց տնտեսական զորեղացում Հարավային Կովկասում» (WEESC) տարածաշրջանային ծրագրի շրջանակում Հայաստանում կանանց զբաղվածության ապահովման տեխնիկական աջակցության հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր։ Կարևորվել է գենդերային ազդեցության գնահատման (GIA) ու գենդերային ինտեգրման կարողությունների զարգացման մոդուլների հարմարեցման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը։

Բարձր գնահատելով կառույցի գործունեությունը տարբեր երկրներում կանանց զորեղացման և գենդերային հավասարության ապահովման գործում՝ նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի դերը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանանց աքսելերատոր ծրագրի կարևորությունը՝ կանանց ձեռներեցությունը խթանելու, մասնագիտական հմտությունները զարգացնելու, միջին և փոքր բիզնեսներին աջակցելու տեսանկյունից։ Կանանց և աղջիկների կարողությունների զարգացման, նրանց հնարավորությունների բացահայտման և օգտագործման գործում նախարարը շեշտել է նաև գենդերազգայուն տվյալների հավաքագրման արդյունավետ մեխանիզմների անհրաժեշտությունը։

«Քաջատեղյակ ենք ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի կողմից Հարավային կովկասում իրականացվող ծրագրերին, որոնք կարևոր ազդեցություն ունեն ոլորտի համար։ Որպես գենդերային քաղաքականությունը մշակող հիմնական պետական գերատեսչություն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է կանանց տնտեսական զորեղացումը և պատրաստ է ավելի սերտ համագործակցության»,- նշել է նախարարը։

Կաորի Իսիկավան ևս բարձր է գնահատել ԱՍՀՆ հետ համագործակցության, մասնավորապես՝ կանանց և աղջիկների հզորացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը․ «Կարևորում ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դերը՝ կանանց աքսելերատոր ծրագրի իրականացման գործում։ Տարիներ առաջ մեր կազմակերպությունը փոքր դրամաշնորհներ էր տալիս կանանց, և դրանք ուղղված էին փոքր ու ավանդական ոլորտներին։ Բայց հիմա ուրախալի է տեսնել կանանց հզորացումն ու զորեղացումը, ինչպես նաև նրանց ակտիվությունը ձեր երկրում»։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև երկկողմ պատրաստակամությունը՝ համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման համար։

  • Կիսվել: