ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նանսենի անվան թանգարանի տարածքից՝ արձաններ, խանութից՝ բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ գողացած անձինք ձերբակալվել են (Տեսանյութ)

Նանսենի անվան թանգարանի տարածքից՝ արձաններ, խանութից՝ բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ գողացած անձինք ձերբակալվել են (Տեսանյութ)

Օգոստոսի 9-ի առավոտյան գողության վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժնում: Նանսենի անվան թանգարանի տարածքից գիշերը գողացել էին արույրե երկու արձան:

Դեպքի վայր է մեկնել բաժնի օպերատիվ խումբը: Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել տեղազննություն, անհրաժեշտ այլ գործողություններ,  քրեական հետախույզները մշակել են վարկածներ, որոնցից ամենահավանականը  վերցվել է որպես ուղեցույց: Արձանները արվեստի բացառիկ նմուշներ չէին, սակայն նյութը` պղնձի համաձուլվածքը, հուշում էր, որ արձանները գողացվել էին մասնատելու և մետաղի ջարդոնի կետ հանձնելու համար: Վարկածը շուտով հաստատվել է:

Նոր Նորքի քրեական հետախույզները և Երևանի ոստիկանության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են երկու հոգի` առանց մշտական բնակության վայրի 44-ամյա և Կոտայքի մարզի Քասախ գյուղում հաշվառված 49-ամյա տղամարդիկ:

Օգոստոսի 13-ի ցերեկը մայրաքաղաքում հայտնաբերվել է հաշվառում չունեցողը, իսկ օգոստոսի 15-ի գիշերը՝ Քասախ գյուղում հաշվառվածը: Երկուսն էլ ձերբակալվել են ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:

Գողոնը հայտնաբերվել է,   ամբողջական է եղել միայն մեկ արձանը: Մյուսն արդեն մասնատել ու հանձնել էին մետաղի ջարդոնի ընդունման կետ, մեկ այլ կետում էլ հայտնաբերվել են արձանի կտորները:

Իրավապահները հայտնաբերել են նաև բջջային հեռախոսների ու աքսեսուարների պահեստ: Հետագա գործողություններով պարզվել է, որ դրանք էլ գողացված են: Այդ  հափշտակության վերաբերյալ ահազանգը ստացվել էր օգոստոսի 10-ին: Առավոտյան ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնում վաճառակետերից մեկի տերը տվել էր հաղորդում, որ գիշերը մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի իր խանութից գողացել են բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ:

Կատարվում է նախաքննություն:

 

  • Կիսվել: