չորեքշաբթի, հոկտեմբեր 16
16 / 10 / 2024
«Մուտք դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով

«Մուտք դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով

Հայաստանում նորարական լավագույն գաղափարները 10 մլն դրամի աջակցություն կստանան պետությունից՝ դրանք բիզնես դարձնելու համար: «Գաղափարից բիզնես» ծրագրի շրջանակում հայտարարված «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով և  կունենա հավելյալ դրամաշնորհ «Bahamut Foundation»-ի կողմից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝  նշելով, որ յուրաքանչյուր հաղթող կստանա 10 միլիոն դրամ դրամաշնորհ, իսկ  «Bahamut Foundation»-ը հաղթողներից կընտրի իր չափորոշիչներին համապատասխան ընկերություններին՝ հավելյալ դրամաշնորհ տրամադրելու նպատակով:

Ռուբեն Սիմոնյանն ընդգծեց՝  «Գաղափարից բիզնես» նախագիծը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և  տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Նախարարի տեղակալը նշեց՝ ընկերություններին չեն սահմանափակում կոնկրետ պրոդուկտի կամ գաղափարի  շուրջ, քանի որ շուկան ինքն է թելադրում, թե այս տարի և առհասարակ առաջիկայում ինչ պահանջարկ  կլինի դաշտում:  

«Մասնակիցներին չսահմանափակելը բերում է ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, և մենք, բնականաբար, պետք է օգնենք այդ ընկերություններին աճել և զարգանալ: Նախարարության և ՀՀ կառավարության նպատակներից մեկն է ինչ-որ մի փուլում Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն, և ստարտափ էկոհամակարգը նպաստում է նաև դրան: Կարծում եմ, որ հաղթողներին տրամադրվող դրամաշնորհները նրանց պրոդուկտները միջազգային շուկաներ տանելու հնարավորություն կտան: Մեծ ցանկություն ունենք, որ հայկական պրոդուկտները իրենց տեղը գտնեն  միջազգային շուկաներում»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց՝ նախագծերի գնահատման հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի լավագույն մասնագետները, ընտրությունը անցկացվելու է արդեն իսկ գոյություն ունեցող ստանդարտներով: 

Փոխնախարարը նշեց, որ այս տարի մրցույթում որոշակի փոփոխություններ են իրականացվել. մրցույթի շրջանակներում կիրականացվի աքսելերացիոն ծրագիր:

«Սա ենթադրում է, որ առաջին փուլն անցած մասնակիցների համար կանցկացվեն թրեյնինգներ՝ անկախ նրանից այդ մասնակիցները կհաղթե՞ն, թե՞ ոչ: Սա անում ենք, որպեսզի օգնենք նաև այն թիմերին, որոնք չեն հաղթի: Մյուս փոփոխությունն այն է, որ այս տարի մրցույթի գնահատման առաջնային փուլը հաղթահարած ընկերությունների համար երկրորդ փուլը կիրականացվի «Fast Media»-ի և «Bahamut Foundation»-ի հետ՝ հեռուստատեսային նոր, հետաքրքիր և տարբերվող ձևաչափով»,- ասաց նախարարի տեղակալը: 

«Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը նշեց, որ հեռուստատեսային այս նոր նախագծով փորձելու են ցույց տալ այն հսկայական աշխատանքը, որը ծրագրի շրջանակներում իրականացվում է: Նա վստահեցրեց՝ սպասվում է հետաքրքիր և բովանդակային հեռուստատեսային նախագիծ: 

«Bahamut Foundation»-ի անդամ և խորհրդատու Արամ Ջիվանյանն էլ նշեց՝ իրենց հիմնադրամը ստեղծված է նպաստելու WEB3 էկոսիստեմի զարգացմանն  ամբողջ աշխարհում և Հայաստանում: 

«Հիմնադրամն առաջիկայում նպատակ ունի մեծ ներդրումներ իրականացնել ոլորտի մի շարք ծրագրերում՝ աշխատելով ոլորտի զարգացման ուղղությամբ: Սա նաև մեծապես նպաստեց նախարարության հետ այս համագործակցության իրագործմանը: 

Համագործակցության շրջանակում «Bahamut Foundation»-ի կողմից հավելյալ 50,000,000 դրամին համարժեք FTN ներդրումային ֆոնդ կտրամադրվի հաղթող ընկերություններին, որը կարող է ավելանալ՝ կախված նախագծերի ներդրումային հետաքրքրությունից, դրանց ինքնատիպությունից և նորարարական լուծումներից: Ակնկալում ենք և շատ ուրախ կլինենք, եթե լինեն ծրագրին մասնակցող  հետաքրքիր WEB3 նախագծեր»,- նշեց  Արամ Ջիվանյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: