շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մտածեք ձեր հայրենիքի, ձեր երեխաների մասին, որ չդառնաք սեւազգեստ, ինչպես մենք. Աստղիկ Գալեյան

Մտածեք ձեր հայրենիքի, ձեր երեխաների մասին, որ չդառնաք սեւազգեստ, ինչպես մենք. Աստղիկ Գալեյան

Մեր գործը քնում է, դրա համար ենք այստեղ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։

«Ապրիլից մենք ոտքի ենք կանգնել, այսօր այստեղ ենք, ո՞վ կա հասարակ քաղաքացի, ոչ զոհվածի ծնող, որ այսօր այստեղ է։ Շատ քիչ այդպիսի մարդ կա։ Մենք ոտքի ենք կանգնել։ Իմ պատկերացմամբ երեկ հրապարակը պետք է մարդկային բազմությունից ուղղակի  տրաքեր, բայց անտարբերություն է։ Այն, ինչ անցել ենք մենք, շատ ցավոտ է։ Այդ ցավի հետ մեկտեղ մենք պայքարում ենք։

Ժողովուրդ, եկեք միացեք ծնողներին,  այլապես կկորցնենք այն, ինչ դեռ ունենք ու կյանքի գնով պահվում է։ Մտածեք ձեր հայրենիքի, ձեր երեխաների մասին, որ չդառնաք սեւազգեստ, ինչպես մենք»,-ասաց նա։

Մեկ այլ ծնող էլ անդրադարձավ երեկվա ողբերգական դեպքին՝ նշելով. «Մեզ մոտ անպատժելիություն ու ամենաթողություն է։ Եթե ժամանակին մեղավորները պատժված լինեին, երեկվա դեպքն էլ չէր լինի։ Տպավորություն է, որ կարծես ծրագիր լինի, որ մի քանի ամիսը մեկ մեր շարքերը պետք է համալրվեն որոշակի քանակով ծնողներով։  Դա ավելի 50 տարի առաջվա շատ գոմի էր նման, քան զորամասի, կարծես հատուկ արած լինեին»։

Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանն էլ իր հերթին ասաց․ «Եկել ենք, որ հասկանանք, թե մեր գործն ուր է հասել, եկել ենք ասենք, որ մենք անտարբեր չենք, մատների արանքով չենք նայում այս ամենին, այս ցավի հետ սա չենք մոռանալու»։

Գայանե Հակոբյանի խոսքով, իրենց հանդեպ բռնություն կիրառած ոստիկանները ներողություն են խնդրում, ընդունում են իրենց մեղքը. «Առերեսումները չեն էլ ավարտվել, բայց գրեցին, որ կասեցվել է։ Հիմա եկել ենք հասկանանք, թե ինչու է կասեցվել։ 5 ամսվա մեջ գոնե մի քանի ոստիկանի պետք է պատժված տեսնեինք»։

Նա ասաց, որ ոստիկանները որպես իրենց հրաման տվողի նշում են Արթուր Խուդինյանի անունը. «Բնականաբար, հրամանն ավելի վերեւից է եղել»։

 

  • Կիսվել: