չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
«Մրցաշարը ծառայել է իր նպատակին». «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մասնակիցների մեկնաբանությունները

«Մրցաշարը ծառայել է իր նպատակին». «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մասնակիցների մեկնաբանությունները

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում օրերս ավարտվել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը:

10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) աշակերտների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Երևանի թիվ 174 հիմնական դպրոցի թիմը։ Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանուկ Գրիգորյանի խոսքով՝ նմանօրինակ մրցաշարերը մեծապես նպաստում են բասկետբոլի տարածմանը և մասսայականացմանը։

«Մրցաշարը, իսկապես, կազմակերպված էր շատ բարձր մակարդակով: Մեր դպրոցի սաներով մասնակցել ենք բազմաթիվ առաջնությունների, բայց շատ տպավորված ենք «Դպրոցականների բասկետբոլի լիգայով»: Արդեն իսկ զգալի է այն ազդեցությունը, որ մրցաշարն ունեցել է դպրոցականների շրջանում բասկետբոլի հանդեպ հետաքրքրության մեծացման ու մարզաձևի մասսայականացման առումով: Աննկարագրելի զգացողություններ ունենք և շատ ուրախ ենք հաղթանակի համար»,- նշում է Մանուկ Գրիգորյանը:

Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի աշակերտուհի Նարե Սահակյանն էլ ընդգծել է մրցաշարի լարված ընթացքն ու թիմային ոգու կարևորությունը։

«Մրցակցությունն իսկապես թեժ էր։ Եզրափակիչ հասնելը հեշտ չէր, բայց մենք համառ գտնվեցինք և կարողացանք հաջողության հասնել։ Կարծում եմ՝ մրցաշարը լիովին ծառայել է իր նպատակին՝ դպրոցականներին տներից հանելու, բասկետբոլով և, առհասարակ, սպորտով զբաղվելու մեծ փորձ տալու առումով: Թիմում ունեինք սկսնակ խաղացողներ, բայց վստահ եմ՝ այս մրցաշարից հետո շատերի մոտ ցանկություն կառաջանա պրոֆեսիոնալ կերպով զբաղվելու բասկետբոլով»,- ասում է Նարե Սահակյանը, որն իր թիմի հետ հաղթող է ճանաչվել 7-9-րդ դասարանների պայքարում:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին, որը մեկնարկել էր հունիսի 17-ից, յուրաքանչյուր տարիքային խմբում 16-ական թիմեր են մասնակցել: Եզրափակիչ՝ 4-րդ փուլում, 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ հավաստագրով, գավաթով, մեդալով և դրամական պարգևով:

1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ:

  • Կիսվել: