հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՄՊՀ-ն հյուրընկալել է ԵՊՀ ապագա իրավագետներին

ՄՊՀ-ն հյուրընկալել է ԵՊՀ ապագա իրավագետներին

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ հյուրընկալվել էին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, ներկա գտնվել հանձնաժողովի հերթական նիստին: Հանրապետության տարբեր բուհերի ապագա իրավագետների և տնտեսագետների համար ՄՊՀ-ում կազմակերպվող նմանատիպ հանդիպումներն արդեն պարբերական են դարձել և նպատակ ունեն խթանել կրթական հաստատությունների հետ համագործակցությունը:

Նիստի սկզբում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ողջունել է մայր բուհի ուսանողներին և հույս հայտնել, որ նման ճանաչողական այցերն օգտակար ու ուսանելի կլինեն և գուցե կոգևորեն նրանցից շատերին հետագայում մասնագիտանալ հենց մրցակցային իրավունքի ուղղությամբ: Նա նաև նշել է, որ հանձնաժողովում ուսանողները կարող են պրակտիկա անցնել՝ իրենց փորձնական հմտությունները զարգացնելու նպատակով, աշխատել որպես փորձնակ և հետագայում հնարավորություն ստանալ համալրելու ՄՊՀ մասնագիտական թիմի շարքերը:

Գեղամ Գևորգյանը ուսանողներին ծանոթացրել է տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում իրականացված կարևոր օրենսդրական փոփոխություններին, ներկայացրել նիստի օրակարգում ընդգրկված վարույթների ուշագրավ մանրամասները և այլն:

Նախքան նիստի մեկնարկը ուսանողների հետ հանդիպել է նաև մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը: Նա ծանոթացրել է ապագա իրավագետներին հանձնաժողովի գործունեությանը, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերի:

  • Կիսվել: