կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ՄԻՊ և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ

ՄԻՊ և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ

Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մայիսի 20-ին մշտադիտարկման համատեղ այց են իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ:

ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի նպատակն էր գնահատել միջազգային և ազգային չափանիշներին համապատասխանությունը՝ հատկապես կենսապայմանների, սանիտարահիգիենիկ պայմանների և ընդհանուր ծառայությունների մատուցման տեսանկյունից: Այցի ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ-ի տնօրենի և աշխատակիցների հետ՝ ՊՈԱԿ-ի առջև ծառացած մարտահրավերներն ու մտահոգությունները վեր հանելու նպատակով:

Այցի ընթացքում ընդգծվել և քննարկվել է որոշ ոլորտներում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել ծառայությունների համապատասխանությունը սահմանված չափանիշներին: «Գնահատում ենք «Հատուկ Կացարանի» տնօրենի և անձնակազմի հետ մեր համագործակցությունը, ապաստանի ծառայությունների կատարելագործման ուղիները քննարկելու հանձնառությունը: Համատեղ ջանքերով կնպաստենք մարտահրավերների լուծմանն ու փախստականներին և ապաստան հայցողներին տրամադրվող ծառայությունների ընդհանուր որակի բարելավմանը», - նշել են Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի աշխատակիցները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել շահագրգիռ կողմերի հետ՝ նշված խնդիրները լուծելու, ծառայությունների մատուցումը բարելավելու նպատակով:

  • Կիսվել: