չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի ծրագրի մասնակից լրագրողների հետ հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալը

Միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի ծրագրի մասնակից լրագրողների հետ հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալը

 Չինաստանի մայրաքաղաք Պեկինում պաշտոնապես մեկնարկեց Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագիրը:

Ծրագրի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր Չինաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Հուա Չունյինը: Վերջինս ողջույնի խոսքով դիմելով տարբեր մայրցամաքներից Չինաստան ժամանած լրագրողներին՝ շեշտեց, որ այժմ աշխարհում երկու կարծիք կա Չինաստանի մասին.  առաջինը` վտանգ և մարտահրավերներ,  երկրորդը` հույս և հնարավորություններ:

Հուա Չունյինն ընդգծեց, որ Չինաստանը վստահ քայլերով առաջ է շարժվում, և նույնիսկ չինացիներից քչերը կհամարձակվեին իրենց Չինաստանի գիտակ համարել, քանի որ Չինաստանը հսկայական երկիր է, որն ունի հսկայական տարածք, 1.4 միլիարդ բնակչություն և 5000 տարվա պատմություն:

«Չինաստանն իրեն տեսնում է զարգացող երկրների ընտանիքի անդամի դերում. մենք համերաշխ ենք զարգացում ապրող երկրների հետ ու միավորված ընդհանուր ճակատագրով: Ինչպես ասել է նախագահ Սի Ծինփինը, երբ աշխարհում որոշ մարդիկ լավ են ապրում, իսկ մնացածը՝ վատ, դա լավ ֆենոմեն չէ: Բոլոր ժողովուրդներին լավ կյանքով ապահովելը երկարաժամկետ բարգավաճման, անվտանգ ապրելու հույսի և մարդկանց իրավունքների պաշտպանության նախադրյալն է: Ելնելով սրանից՝ Չինաստանն առաջ է մղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը: Սա գլոբալ զարգացման, գլոբալ անվտանգության նախաձեռնություն է: Հույս ունենք, որ ջանասեր աշխատանքով աշխարհի երկրները կկարողանան հասնել համատեղ բարգավաճման»,- նշեց նա:

Անդրադառնալով վերջին տասնամյակներում Չինաստանի գրանցած բացառիկ հաջողություններին` Չունյինն ընդգծեց, որ ոչ մի ֆանտաստ գրող չէր էլ կարող պատկերացնել չին ժողովրդի նման առաջխաղացումը:

Նախարարի տեղակալը շեշտեց, որ Չինաստանի գրանցած բոլոր հաջողությունները չէին լինի, եթե չլիներ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ վստահեցնելով, որ կուսակցությունը ծառայում է չին ժողովրդին:

Կուսակցությունը հիմնադրման պահին ունեցել է 50-ից ավել անդամ, այժմ այն աշխարհի խոշորագույն կուսակցությունն է՝ 96 միլիոն անդամով: «Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ Չինաստանի ժողովուրդը վերջ է դրել միլիտարիստների կոնֆլիկտներին, քաղաքացիական պատերազմին, կերտել է ազգային անկախություն, ստեղծել սուվերեն պետություն: Ազատվելով նվաստացումից և սովից՝ Չինաստանը կառուցել է չափավոր բարեկեցիկ հասարակություն, իսկ հիմա վստահ քայլերով առաջ է շարժվում դեպի նոր առաջադրանքի իրականացում, այն է՝ Չինաստանը դարձնել ժամանակակից սոցիալիստական պետություն»,- մանրամասնեց Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը:

Դիմելով  ծրագրի մասնակից լրագրողներին՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը նշեց՝ չի կասկածում, որ լրագրողները իրենց հայրենակիցներին կփոխանցեն Չինաստանի իրական, մասշտաբային ու բազմակողմ պատկերը:

  • Կիսվել: