ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Մեզ համար առաջնահերթ է գիտության նկատմամբ հետաքրքրության զարգացումը՝ սկսած դպրոցից». Ժաննա Անդրեասյան

«Մեզ համար առաջնահերթ է գիտության նկատմամբ հետաքրքրության զարգացումը՝ սկսած դպրոցից». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը:

«Գիտուժ» նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը և նպատակները, ինչպես նաև քննարկվել են գիտության ոլորտում պետական պատվերի համակարգ ներդնելու, Հայաստանում գիտության շաբաթ անցկացնելու ուղղությամբ համագործակցության հեռանկարները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել համագործակցության հնարավոր եղանակների քննարկումը.

«Դուք մեր կարևոր գործընկերներն եք ոչ միայն որպես մասնագետներ, այլև որպես ընթացիկ բարեփոխումների կրողներ, նպատակներն ու ակնկալվող արդյունքները գնահատող ներկայացուցիչներ: Մեզ համար էական է լսել ձեր առաջարկները և համատեղ կատարել պետական քաղաքականությունը լրացնող եզրահանգումներ»:

Գիտության ոլորտում պետական պատվերի համակարգ ներդնելու գաղափարի վերաբերյալ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են իրականացվում «Բարձրագույն կրթության և գիտության օրենքի» նախագծի լրամշակման ուղղությամբ:

«Եթե ունեք պետական պատվերի ձևավորման արմատական առաջարկներ, որոնք կարող են օրենքում ձևակերպվել իբրև դրույթներ՝ կարգավորելու գիտության ոլորտում ֆինանսավորման քաղաքականության պետական պատվերի սկզբունքները, խնդրում եմ, հիմնավորումներով գրավոր ներկայացրել առաջարկներ»,- ասել է նախարարը:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում գիտության շաբաթ անցկացնելու հնարավորությունը՝ այդ կերպ հետաքրքրությունը գիտության նկատմամբ մեծացնելու և հանրայնացնելու նպատակով: Անդրադարձ է եղել արդեն 3-րդ տարին անցկացվող դպրոցական գիտության փառատոնին:

«Մեզ համար առաջնահերթ է գիտության նկատմամբ հետաքրքրության զարգացումը՝ սկսած դպրոցից: Որպես գիտության շաբաթվա միջոցառումների բաղադրիչ՝ «Գիտուժը» կարող է ակտիվորեն ներգրավվել այս փառատոնին, քանի որ դպրոցներն ունեն գիտական աջակցության կարիք՝ նախագծերի պատրաստման, ուղղորդման և խորհրդատվության տեսքով: Դա նաև կնպաստի դպրոցների մասնակցության ակտիվացմանը»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ստեղծելու նախագծին՝ նախարարը նշել է, որ այն մշակման փուլում է: Նպատակն է ստեղծել ինստիտուցիոնալ հենք՝ ապահովելու բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքը, որը միտված է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրմանը, բարձրագույն կրթության և գիտության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը, բարձրագույն ուսումնական հաստատություններում հետազոտական բաղադրիչի ընդլայնմանը, բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ներդրմանը: Նախագիծը սահմանված կարգով կշրջանառվի և կներկայացվի հանրային քննարկման:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել պետական քաղաքականության բարելավմանը վերաբերող մի շարք այլ հարցերի:

  • Կիսվել: