շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Մեր քաղաքացիների առողջությունը մեզ համար առաջնային է. մարզպետը՝ Աչաջուրի առողջության կենտրոնի մասին

Մեր քաղաքացիների առողջությունը մեզ համար առաջնային է. մարզպետը՝ Աչաջուրի առողջության կենտրոնի մասին

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնի ծննդօգնության բաժնում և ծննդատանը համապատասխան պայմաններ ապահովելու համար իրականացվել է հաշվարկ և գույքագրում։

Նա, մասնավորապես, նշեց, որ Աչաջուրի ծննդատան խնդիրը նոր չէ, այն առաջացել է ամիսներ առաջ՝  կասեցվել է ծննդատան հավաստագիրը, որովհետև հիվանդանոցը չունի համապատասխան պայմաններ։

՛՛Սա իրավական առումով ճիշտ է, բայց ես հայտարարել եմ, որ մեզ համար կարևոր է ցանկացած բուժհաստատության արդյունավետ գործունեությունը։ Մասնավորապես, Աչաջուրի առողջության կենտրոնի ծննդօգնության բաժինն ու ծննդատունը տարիների փորձ ունեն, և մեր քաղաքացիների առողջությունը մեզ համար առաջնային է՛՛,- ասաց մարզպետը: 

Ըստ նրա, երբ ամիսներ առաջ այս հարցը ծագել էր, իրենք իրականացրել են հաշվարկ և գույքագրում, ինչը գնահատվել է մոտ 150 մլն դրամ։ Չոբանյանի խոսքով՝ դրա շրջանակներում նախատեսվում է ստեղծել վիրահատարան, սարքավորումներով հագեցնել, ինչի շնորհիվ առողջության կենտրոնը կբավարարի այն պայմաններին, ինչի հիման վրա կտրվի համապատասխան լիցենզիա։ 

Մարզպետն ասաց, որ իրենք այս հարցը քննարկել են դոնոր կազմակերպությունների հետ, նույնիսկ եղել է այց բարերարի հետ հիվանդանոց, մանրամասն ուսումնասիրություն է իրականացվել։ Ընդ որում առանձին պայմանավորվածություն է ձեռք բերվել շինարարության, առանձին սարքավորումների առումով։

՛՛Կարծում եմ` եթե համավարակը չլիներ, որն ամբողջ աշխարհին խանգարեց, մենք այդ խնդիրն արդեն լուծած կլինեինք, սակայն խնդիրը մնում է նույնը, ոչինչ չի փոխվել՛՛,-ասաց Չոբանյանը:

  • Կիսվել: