Մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել. վարչապետ
Մեր ընթացիկ շրջանի հիմնական պրոբլեմը շարունակում է մնալ կորոնավիրուսի համավարակը։ Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ երեկ 665 նոր դեպք է հայտնաբերվել։ Ըստ նրա՝ չի հաջողվում թվերը իջեցնել ու գիտենք դրա պատճառը։
«Հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում, մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել կանոնները պահպանելու նպատակով»,-նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև պարզաբանեց, թե ինչու պետք է քաղաքացիներն իրենց մոտ փաստաթուղթ ունենան։
«Գիտեք, որ պարետատունը որոշում է կայացրել, որ քաղաքացիները պետք է իրենց մոտ ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Եթե օրինակ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացին չունի փաստաթուղթ իր մոտ, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պրոցեսն ավելի երկար է տեւում, դրա համար նրան պետք է տանել բաժին, վարչական արձանագրություն կազմել, իսկ հիմա այդ որոշումը կայացվել է, որ վարչական այդ լծակն ավելի արդյունավետ գործի: Ընդ որում, մեր օրենսդրության տրամաբանությամբ, եթե քաղաքացին դիմակ չի կրում, ոստիկանըպարզում է, որ նա չունի նաև փաստաթուղթ, դա համարվելու է երկու առանձին վարչական վարույթ և ենթարկվելու է երկու վարչական պատասխանատվության»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ այս պահին ունեն համոզվածություն, որ մարդկանց մեծ հոսք սպասարկող բոլոր պետական մարմինները հերթերի կարգավորման նոր կանոնները ներդրել են պատշաճ ձևով:
«Մենք պետք է արձանագրենք, որ պետական այն մարմինները, որոնք քաղաքացիների ընդունելություն են իրականացնում, նրանք պարտադիր պետք է հերթերը կարգավորեն, ընդ որում նաև տարածքից դուրս, եթե հերթ է գոյանում: Պետք է վերահսկել, թե որքանով է դա կատարվում: Շատ կարևոր է, որ բանկերի ներիսց բացի նաև դրսի հատվածում էլ կարգավորվեն հերթերը: Մենք ստանում ենք լուսանկարներ՝ հատկապես մարզերից, որ մարդիկ շարունակում են հին ձևերով, իրար քիպ կանգնած հերթ կանգնել»,- ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ իրենց վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի տարածման հիմնական աղբյուր են հանդիսանում բակերը և մոտ հասցեները:
«Այստեղ մենք նույնպես պետք է մեծացնենք վարչական ազդեցության միջոցները: Ձևավորվել են համապատասխան կարգախմբեր ոստիկանության և այլ մարմինների, որոնք ավելի ու ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն այդ գործառույթը»,- հավելեց նա։


