շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մենք շատ լուրջ քայլեր ենք արել իրավիճակը շտկելու համար. Ռևազյան

Մենք շատ լուրջ քայլեր ենք արել իրավիճակը շտկելու համար. Ռևազյան

«Մենք շատ լուրջ քայլեր են արել իրավիճակը շտկելու համար»,- այս մասին ասաց Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն՝ անդրադառնալով  Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալության (EASA) զեկույցին, որը թերություններ էր հայտնաբերել Քաղավիացիայի կոմիտեում։

Նրա խոսքով՝ զեկույցում հիմնական շեշտադրումներից մեկն այն էր, որ ունենք ավիաընկերություններ, որոնք գրանցված են Հայաստանում, բայց չվերթներ են իրականացնում տարբեր աֆրիկյան պետություններում:

«Իրենք մեզ ասում են, որ եթե չենք կարողանում պատշաճ  տեսչական ստուգումներ անել Հայաստանում, ապա ինչպես եք այդ ստուգումները բավարար մակարդակի անում Աֆրիկայում: Եւ մենք սկսեցինք ստուգել և հասկացանք, որ օրինակ, շատ լուրջ խնդիր է, որ մենք՝ որպես Կոմիտե, որևէ ժամանակահատվածում չենք ունեցել ուղիղ կապ այդ տարբեր պետությունների քաղավիացիաների հետ: Այսինքն՝ 100 տոկոսանոց անկախ ստուգումներ չենք կարողացել իրականացնել: Հաշվի առնելով, որ իրոք չենք կարող դա պատշաճ անել, մենք կոնկրետ քայլեր ենք արել, որ ապագայում ավիաընկերությունները չկարողանան գրանցվել Հայաստանում և չվերթներ իրականացնեն Աֆրիկայում:

Բայց այսօրվա դրությամբ մենք լուրջ միջադեպեր ենք ունեցել Աֆրիկայում: Կոնկրետ քայլեր ենք արել, որ արտահերթ ստուգումներ իրականացնենք: Դրա արդյունքում «Տարոն ավիա» ընկերության գործունեությունն է կասեցվել, հետո փակվել: Հիմա «Մարս ավիա»-ն է կասեցվել, և եթե վաղը մեզ չներկայացնի, որ թերությունները վերացրել է, ապա մայիսի 1-ով այդ ընկերությունը փակվում է: Դա նշանակում է, որ մենք այլևս չենք ունենալու ընկերություններ, որը թռիչքներ է իրականացնելու Աֆրիկայում»,- ներկայացնելով խնդիրն՝ ասաց Տաթևի Ռևազյանը։

Նրա խոսքով՝ սա լուրջ քայլ է իրենց կողմից, լուրջ որոշում է եղել:

«Մենք կարողացել ենք դա անել, քանի որ Հոլանդիայից մասնագետ ենք ներգրավվել, որը մեր տեսուչներին ուղղություն է տվել, թե ինչ փոփոխություններ պետք է անենք տեսչական ստուգումներում, որ բոլոր խնդիրները նկատենք: Այսօր արդեն իսկ մեր տեսչական ստուգումների մակարդակը բարձրացել է, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,-ընդգծեց նշեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը։

Նա նաև ասաց, որ ապագայում պետք է կարողանան շատ լուրջ մասնագետների ներգրավվել:

«Մենք մրցակցում ենք մասնավոր հատվածի հետ, որտեղ օդաչուն, ինժեները կարող են հազարավոր դոլար աշխատավարձ ստանալ, այսինքն՝ Կոմիտեում աշխատելու մոտիվացիա չունեն: Մենք այս թեմայի շուրջ խոսել ենք 80-ից ավելի երկրների հետ և հասկացել ենք, որ ճիշտ ճանապարհն ինքնաֆինանսավորման ճանապարհն  է՝ գանձել գումար մեր ծառայությունների համար: Այդ ամենն իրականացնելու համար պետք է օրենսդրական փոփոխություններ արվեն: Ներգրավվել ենք երեք մասնագետների, որոնք մեզ աջակցելու են այդ փաթեթը պատրաստել և ներկայացնել ԱԺ»,- ընդգծեց Տաթևիկ Ռևազյանը:

Կոմիտեի ղեկավարը նաև նշեց, որ ԵՄ թռիչքային անվտանգության գործակալությունը ևս նկատել է՝ շատ խնդիրներ առաջանում են նրանից, որ չեն կարողանում ճիշտ մարդկանց ներգրավվել Կոմիտեում՝ հաշվի առնելով, որ ռեսուրսների պակաս կա:

Ըստ Տաթևիկ Ռևազյանի, հասկանալով, որ լուրջ փոփոխություններ պետք է արվեն, որոշել են, որ պետք է անկախ թիմ ներգրավվեն Կոմիտե, որը ոչ թե կզբաղվի ընթացիկ, այլ՝ ռազմավարական հարցերով։

 

  • Կիսվել: