«Մենք հաշտ չենք Գևորգ Հարությունյանի ընտանիքի՝ Փարաքարում գտնվելու հետ». համայնքի կանայք բողոքի ակցիա են իրականացրել
Փարաքար համայնքի մի խումբ կանայք բողոքի ակցիա են իրականացրել՝ իրենց պահանջը ներկայացնելով իրավապահ մարմիններին և մեդիադաշտի միջոցով դիմելով իշխանություններին:
Ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենք դեռ սգում են համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի կորուստը և չեն հանդուրժելու ենթադրյալ հանցագործի ընտանիքի ներկայությունը համայնքում:
«Մենք մեր պահանջը ներկայացրեցինք և՛ ոստիկաններին, և՛ պատկան մարմիններին։ Հույս ունենք, որ մեզ կլսեն և կփորձեն մեր համայնքում անդորրը պահպանել ու կանխել բոլոր հնարավոր զարգացումները։ Վալոդյա Գրիգորյանը եղել է մեր կողմից ընտրված համայնքի ղեկավարը, մենք հաշտ չենք նրա կորստի հետ և, հետևաբար, հաշտ չենք նաև Գևորգ Հարությունյանի ընտանիքի՝ Փարաքար համայնքում գտնվելու հետ»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել պատկան մարմիններին ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին և հստակ միջոցներ ձեռնարկել խնդրին լուծում տալու համար՝ հավելելով, որ իրենց պայքարը լինելու է շարունակական։ Այնուհետև նրանք քայլերթով ուղղվել են դեպի Վալոդյա Գրիգորյանի գերեզման։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23:50-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Մերձավանում, ինչի հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։ Եվս մեկ անձ վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց։


