հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մենք էլ մեր ուժերով ենք աշխատում ներկայացնել այն խնդիրները, որոնք սպառնում են Արցախին. Գագիկ Գինոսյան

Մենք էլ մեր ուժերով ենք աշխատում ներկայացնել այն խնդիրները, որոնք սպառնում են Արցախին. Գագիկ Գինոսյան

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը երեկ երեկոյան հայկական պարի բաց դաս է անցկացրել Երևանի Բաղրամյան 6 հասցեում, որտեղ  իրականացվում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը»  պահանջագրի ստորագրահավաքը:

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի  նախաձեռնող խմբից  հայտնում են, որ միջոցառման նպատակն էր Հայաստանում ապրող մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել Արցախի թեմայի վրա, այն դարձնել օրակարգային:

«Մենք հաճախ ենք Կասկադում պարի բաց դաս անցկացնում, և այն հանրային մեծ ուշադրության է արժանանում։ Կազմակերպիչներին առաջարկեցինք այսպիսի միջոցառում անել նաև ստորագրահավաքի անցկացման վայրում, որովհետև մարդիկ կարող են անցնել՝ պարզապես չնկատելով սեղանիկները։ Մենք էլ մեր ուժերով ենք աշխատում ներկայացնել այն խնդիրները, որոնք սպառնում են Արցախին՝ հայաթափում ու էթնիկ զտումներ»,- ասել է  Գագիկ Գինոսյանը։

«Արդեն մի քանի օր է աջակցում ենք արցախցի երիտասարդների նախաձեռնությանը՝ Երևանում ստորագրահավաք  կազմակերպելով և  մայրաքաղաքի բնակիչների ուշադրությունը ևս մեկ անգամ Արցախի  ապագայի և այնտեղ շրջափակված մեր 120 հազար հայրենակիցների ճակատագրի  վրա հրավիրելով: Որպեսզի գրավենք քաղաքացիների ուշադրությունը և կոտրենք անտարբերությունը, մենք  որոշեցինք ստորագրահավաքի վայրում նման միջոցառումներ անցկացնել և ուրախ ենք, որ պարոն Գինոսյանը աջակցեց մեզ», -նշել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը»  շարժմանն աջակցող՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության ներկայացուցիչ Վահագն Ամիրխանյանը:

Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու  պահանջագրի ստորագրահավաքը շարունակվում է  ինչպես Արցախում, այնպես էլ Երևանում:

Երևանում պահանջագիրը  ֆիզիկապես  հնարավոր է ստորագրել Բաղրամյան 6, Սարյան 26 և Խորենացի 47/7 հասցեներում:

«Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում ստորագրահավաքը շարունակում է  նաև ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Ստորագրահավաքին առցանց հնարավոր է միանալ change.org  հարթակում՝ հղումով:

  • Կիսվել: