ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Հունիսի 5-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է միաբանական համագումարը, որին մասնակցում են Հայաստանի եւ Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներն ու աբեղաները։ Այս մասին հաղորդում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Ըստ հաղորդագրության՝ համագումարին մասնակցում են նաեւ ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների: Միաբանական համագումարը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո մասնակիցներին ողջունել է համագումարի ատենապետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Հայր Սուրբն իր ուրախությունը հայտնելով համագումարի անցկացման առիթով՝ միաբաններին փոխանցել է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սերն ու օրհնությունը։ Հայր Գարեգինն ընդգծել է, որ այս համագումարը լավագույն հնարավորություն է միասնաբար ու միատեղ քննարկելու Հայ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերները եւ ուղիներ գտնելու դրանց հաղթահարման գործում։

Բացման խոսքին հաջորդել է համագումարի օրակարգի քննարկումն ու հաստատումը։

Համագումարի առաջին նիստը վարում էր Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Հայ Առաքելական Եկեղեցու քարոզչական ու հոգեւոր-կրթական առաքելությունը ժամանակակից աշխարհում. տեսլականներ եւ մարտահրավերներ» թեմայով զեկույց է ներկայացրել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հայր Սուրբն ի մասնավորի անդրադարձել է երիտասարդների հոգեւոր դաստիարակության կարեւորությանը, նրանց բարոյական եւ ազգային կերտվածքի ձեւավորմանը, հոգեւոր անվտանգության ապահովմանը, աղանդավորական շարժումների դեմ պայքարին, ինչպես նաեւ հոգեւոր ուսումնական հաստատություններում կրթության արդյունավետության բարձրացմանը։

Զեկույցից հետո տեղի են ունեցել խմբային քննարկումներ, կարծիքների փոխանակումներ, ելույթներ եւ ամփոփումներ, որոնք առնչվում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քարոզչական գործունեության առավել արդյունավետ իրականացմանն ուղղված քայլերին։

Վեցօրյա ժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները կքննարկեն նաեւ Եկեղեցու եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած զանազան մարտահրավերներ, կլսեն տարբեր զեկույցներ: Հունիսի 6-ին համագումարի մասնակից միաբանները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Հունիսի 7-8 հովվական առաքելությամբ կմեկնեն Տավուշի եւ Գեղարքունյաց թեմերի տարբեր համայնքներ, այցելություններ կկատարեն մասնավորապես արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, վիրավոր եւ անհայտ կորած զինվորների ու Արցախից տեղահանված ընտանիքներին:

  • Կիսվել: