շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մասիսի տներից մեկում հրդեհի հետևանքով մահացած 2 անձինք Հնդկաստանի քաղաքացիներ էին. մանրամասներ

Մասիսի տներից մեկում հրդեհի հետևանքով մահացած 2 անձինք Հնդկաստանի քաղաքացիներ էին. մանրամասներ

NEWS.am-ի տեղեկություններով, նախօրեին Մասիս քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած երկու անձինք Հնդկաստանի քաղաքացիներ էին: Նրանք վարձով էին բնակվում հանրակացարանում, որտեղ բռնկվել էր հրդեհը: Դեպքի վայրում թաղամասի բնակիչները զրույցում պատմել են, որ տանը շուրջ մեկ տասնյակ հնդիկներ են վարձով բնակվում, նրանք որպես բանվոր աշխատում են տան հարակից խանութում, որի սեփականատերը նաև հանրակացարանի սեփականատերն է:

Այս պահի դրությամբ տան մուտքը կապարակնքված է, խանութը` փակ: Քննչական կոմիտեից  հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Ավելի վաղ  հայտնել էինք, որ նախօրեին Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և երկու տուժած․ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն։

  • Կիսվել: