Մարությանն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են Երևանում Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու գաղափարը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
Շնորհավորելով հյուրին ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը: Երևանի քաղաքապետը կարևորել է նաև փոխադարձ այցելություններն ու քաղաքների միջև փորձի փոխանակման ծրագրերը:
Իր հերթին, դեսպան Կիշան Դան Դեվալն, ընդգծելով հայ-հնդկական հարաբերությունների հարուստ պատմությունը, առաջարկել է կոնկրետ ուղղություններով խորացնել հարաբերությունները Հնդկաստանի՝ հատկապես հայաշատ և հայկական ժառանգություն ունեցող քաղաքներում:
Զրուցակիցները քննարկել են նաև Երևանում Հնդկաստանի ազգային հերոս Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու գաղափարը: