Մարդուն ոնց որ բռնեք «ժուչոկ» դնեք վրան. Սասուն Միքայելյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի կարծիքով՝ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը մարդու իրավունքների սահմանափակում է:
«Այսինքն՝ ում, երբ ուզեն, ոնց ուզեն՝ կլսեն: Ոնց են մարդուն գաղտնի լսում: Կարող ես ամեն ինչ լսել՝ ում հետ ժամադրվել, ինչ է արել: Ոստիկանության նախկին աշխատողներ կան, հին բնավորության համաձայն, ամեն ինչ կարող են անել, որ նման բաները լսեն: Ես չգիտեմ՝ ինչ դեպքում ոստիկանն իրավունք ունի լսելու: Եթե մենք այս ձևով ենք ուզում մեր երկրում կարգ ու կանոն հաստատել, դա, իմ կարծիքով, չի լինելու։ Մարդուն ոնց որ բռնեք «ժուչոկ» դնեք վրան»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց պատգամավորը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ խոսքը «ժուչոկների» մասին չէ։ Նրա խոսքով՝ իրավակարգավորումը վերաբերում է հեռախոսային լսումներին, որոնք իրականացվում են միայն դատարանի որոշմամբ. «Եթե «ժուչոկ», կարող է հավաքարարն առավոտն այստեղ դրած լինել»։
Նշենք, որ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ։