շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մահացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը

Մահացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից հայտնում են, որ կյանքից անժամանակ հեռացել է Բեմական շարժման և մեներգի ամբիոնի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։ 

Մշակութաբան, պարագետ, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի ասպետ Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվի օգոստոսի 3-ին` Ախալցխայում:

1992-94թթ «Ազատագրական Բանակ» ջոկատի «Իքս» դասակի կազմում մասնակցել է ԼՂ ազատագրական պայքարին: Զինադադարից հետո, շարունակել է ծառայությունը ՀՀ բանակում` որպես սպա: 1995-96թթ ավարտել է մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացը և ստացել գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում: 1996թ. սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ Զինված Ուժերից և ընդգրկվել «Ակունք» ազգագրական երգի-պարի խմբում: 

2001 թ. ստեղծել և ղեկավարում էր «Կարին» և «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբերը: 2005 թ.-ից «Կարին»-ի ջանքերով իրականացնում էր «Մեր պարերը և մենք» պարուսուցման ամենամսյա դասընթացը: 2008 թ. «Հայ Ասպետ» հեռուստահաղորդման շրջանակներում հեղինակել է հայ իրականության մեջ առաջին՝ «Հայկական պար» DVD – պարուսույցը: Գ. Գինոսյանը զբաղվում էր ազգային պարերի գրառմամբ և դրանց գիտական ու տեսական ուսումնասիրությամբ:

  • Կիսվել: