երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լվովյան փողոցում քանդման աշխատանքներ դեռևս չեն իրականացվի

Լվովյան փողոցում քանդման աշխատանքներ դեռևս չեն իրականացվի

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր Լվովյան փողոցում առկա խնդրի հետ կապված հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները: Այս մասին Փամբուխչյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երևանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ:

Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն:

Մենք ընդլայնված կազմով ևս մի քանի քննարկում կունենանք՝ հետագա գործողությունների հետ կապված»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի բնակիչներն այսօր առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի դիմաց։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանն ապօրինի շինության քանդման աշխատանքներ է իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում։

Քաղաքապետի հրամանով քանդվելու է Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված 8 բնակելի տուն:

Լվովյան փողոցի զավթած տարածքների ապամոնտաժման հետևանքով 2 ընտանիք կապահովվի ժամանակավոր բնակության վայրով։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է․

«Երբեմն, երբ նույնիսկ դժվարին որոշումներ ենք կայացնում՝ հանրային տարածքներից վերադարձի հետ կապված, սկսում են այդ խոսակցությունները՝ «ինչու հարուստներինն առաջինը չեք անում»: Ուզում եմ հիշեցնել, որ այդ գործընթացն ինտենսիվ կերպով սկսվել է 2022-ի վերջից: Վստահեցնում եմ՝ նույն Օղակաձև այգում, տարբեր այգիներում, որտեղ իրականացրել ենք քանդման աշխատանքներ, հաստատ խեղճ մարդկանց տարբեր օբյեկտներ չեն քանդվել, բայց երբ խոսքը հեկտարներով այգու, դրա մեջ տարատեսակ քոլիկներ քանդելու մասին է լինում, մենք անբեկելի ենք, որևէ կոմպրոմիս հնարավոր չէ, հնարավոր է միմիայն քննարկել այդ մարդկանց հետ, եթե իրականում ունեն կեցության խնդիր, այդ խնդիրների լուծումը: Սա է այն մոտեցումը, որ որդեգրել ենք դեռ 2 տարի առաջ և այս մոտեցումից հետ չենք կանգնել»:

  • Կիսվել: