ԼՎԿ-ն առաջարկում է, որ համայնքների ղեկավարներն ու նրանց տեղակալները նույնպես հայտարարագիր ներկայացնեն
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կոռուպցիայի կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ մինչև 15 հազար բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներն ու նրանց տեղակալները նույնպես պետք է ներկայացնեն հայտարարագիր:
Խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է մինչև 15 հազար բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների եկամտի հայտարարագիր ներկայացնելու կարգին:
Ըստ նրա, առկա իրավակարգավորմամբ նման պահանջ չկա, հիմա իրենք առաջարկում են սահմանել այն: «Նաև սահմանում ենք, թե ինչ ժամկետում պետք է ներկայացվեն այդ հայտարարագրերը: Ժամկետը սահմանված է հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ը»,- նշեց Տարոն Սիմոնյանը։
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ սա այն եզակի նախագծերից է, որի շուրջ բոլոր խմբակցությունները կոնսենսուս ունեն:
ՀՀ արդարադատւթյան փոխնախարար Սրբուհի Գալյանն էլ նշեց, որ կառավարությունը ևս աշխատել է նախագծի լրամշակման վրա, արդյունքում առկա է կառավարության համար ընդունելի նախագիծ:
Այսպիսով, նախագծի ընդունման դեպքում մայիսի 1-ից բոլոր համայնքների ղեկավարները և նրանց տեղակալները դառնում են հայտարարագրման սուբյեկտ և հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեն հայտարարագիր, որը դիտարկվելու է որպես պաշտոնի ստանձնման հայտարարագիր: Դրանից հետո յուրաքանչյուր տարի ներկայացնելու են տարեկան հայտարարագիր:


