Կաշառքի համար ձերբակալված փոխնախարարը ժամանակին բարոյականության դասեր էր տալիս այլոց
Այսօր կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, մինչդեռ ոչ վաղ անցյալում նա բարոյականության դասեր էր տալիս այլոց: Այդ մասին վկայում են տարբեր ժամանակներում արված նրա ֆեյսբուքյան գրառումները:
Հիշեցնենք, որ կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի (ԿԳՄՍ) փոխնախարար Գևորգ Լոռեցյանը: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։
Լոռեցյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել էր անցած տարվա հոկտեմբերին: