չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Լիտվայի դեսպանի հետ քննարկվել են Արցախի դեմ պատերազմի հետևանքներին առնչվող հարցեր

Լիտվայի դեսպանի հետ քննարկվել են Արցախի դեմ պատերազմի հետևանքներին առնչվող հարցեր

Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում խորհրդարան այցելեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից

Մինչ հանդիպման պաշտոնական մասը դեսպանը ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանին գրքեր հանձնեց:

Պատգամավորը Լիտվայի պետականության վերականգնման օրվա կապակցությամբ բարեկամական խմբի անունից շնորհավորեց հյուրին: Նա երախտագիտություն հայտնեց Լիտվա-Հայաստան բարեկամության խմբին ռազմագերիների՝ առանց պայմանների եւ անհապաղ վերադարձին վերաբերող հայտարարության համար, որով կոչ է արվում դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը, արագացնել դիակների փոխանակման գործընթացը:

«Նման հայտարարությունները կարեւոր են, դրանք բախվում են հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադառնալու համար խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի ջանքերին: Ալիեւի կողմից հնչող հետեւողական սպառնալիքները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին»,-ասաց Անուշ Բեղլոյանը:

Պատգամավորն ընդգծեց Ադրբեջանի վրա միջազգային հանրության ճնշումն ամրապնդելու հարցում ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Սեյմասի միջխորհրդարանական կապերի խմբի համագործակցությունը` դադարեցնելու ապակայունացումը Հարավային Կովկասում եւ նպաստելու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:

Խմբի ղեկավարը կարեւորեց առաջիկայում երկու խորհրդարանների բարեկամական խմբերի առցանց հանդիպման անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկեցին Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմի հետեւանքներին, նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների լիակատար իրագործմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը վերաբերող եւ այլ հարցեր:

  • Կիսվել: