հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լարված իրավիճակ ՊՆ–ի դիմաց. զոհված զինծառայողների ծնողները մտան ընդունարան

Լարված իրավիճակ ՊՆ–ի դիմաց. զոհված զինծառայողների ծնողները մտան ընդունարան

Պաշտպանության նախարարության դիմաց քիչ առաջ իրավիճակը լարվեց, երբ առավոտից բողոքի ակցիա իրականացնող՝ 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մտան շենք։ Մի քանի րոպե ռազմական ոստիկանության հետ բանակցելուց հետո ծնողները շենքից դուրս եկան՝ հայտնելով, որ ներսում իրենց տեղեկացրել են՝ նախարար Պապիկյանը ՊՆ–ում չէ։

«Մեզ ասեցին, որ չի կարելի, այսինքն մենք իրավունք չունենք նախարարություն մտնել»,-ասաց պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահրիդ Սահակյանը:

Ծնողները վրդովված են, որ շուրջ 2 ժամ է՝ իրենց հրաժարվում են ընդունել։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ծնողների որդիները Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակից են: Ծնողները պահանջում են հանդիպել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ։ Նշենք նաև, որ ծնողները պահանջում են հանդիպում կամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարար Արման Սարգսյանի հետ: Տևական ժամանակ է՝ ծնողները փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները: 

  • Կիսվել: