հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կրթահամալիրներում և հանրակրթական ուսումնական հաստատություններում կապահովվի կառավարման արդյունավետության բարձրացումը

Կրթահամալիրներում և հանրակրթական ուսումնական հաստատություններում կապահովվի կառավարման արդյունավետության բարձրացումը

Հանրակրթական ուսումնական հաստատությունների և կրթահամալիրների կառավարման արդյունավետության բարձրացման, մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների հստակեցման և արդիականացման նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Արդյունքում՝ ակնկալվում է ապահովել կրթահամալիրներում և հանրակրթական ուսումնական հաստատություններում կառավարման արդյունավետության բարձրացում: Նախատեսվում է հստակ սահմանել պաշտոնների անվանումներն ու նկարագրությունները: Նախատեսվում է բարելավել նախադպրոցական, արտադպրոցական և հանրակրթական կրթական ծրագրերի որակը։

Մասնավորապես, նորացված «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ներդրմամբ և ուսուցչի պաշտոնի նկարագրության փոփոխությամբ սպասվում է, որ սովորողները կստանան ամբողջական պատկերացում արտակարգ և վտանգավոր իրավիճակներում գործելու մասին, կզարգացնեն համապատասխան գիտելիքներ և գործնական հմտություններ, ինչը կբարձրացնի նրանց անհատական և կոլեկտիվ անվտանգության կարողունակությունը, ինչպես նաև կբարելավի համայնքային և դպրոցական մակարդակներում անվտանգության մշակույթի ձևավորումը։ Բացի այդ, նախատեսվում է բարձրացնել համայնքային ծրագրերի և գործընկերային կապերի արդյունավետ կազմակերպումը, ծրագրերի գնահատման և հաշվետվությունների պատշաճ իրականացումը, ինչպես նաև աշխատակիցների պարտականությունների և որակավորման համապատասխանությունը:

 

  • Կիսվել: